ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթություն` կամավորական աշխատանքի միջոցով
11.06.2012
Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներն ամփոփեցին «Կամավորական գործունեությունը կրթության ընթացքում» ծրագիր աշխատանքի արդյունքները:
Դեռևս ամիսներ առաջ ֆակուլտետը համագործակցության հուշագիր էր կնքել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ:
Հուշագրի նպատակն էր՝ կամավորական աշխատանքի միջոցով բարձրացնել կրթության որակը, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները, կյանքի կոչել Բոլոնիայի հռչակագրի որոշ դրույթներ և դրանք իրագործել բուհում:
Ուսումնական գործընթացի նախապատրաստում, մանկավարժահոգեբանական բնույթի թեմատիկ նյութերի, բուկլետների պատրաստում, մանկավարժական, ծնողական ժողովներ, գիտական, հանրօգուտ, մշակութային միջոցառումներ. սրանք կրթական հաստատություններում ֆակուլտետի շուրջ 50 ուսանողի կամավորական աշխատանքերի միայն մի մասն են:
Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Ասատրյանը կամավորական ծրագրի շրջանակում գործունեություն է ծավալել միաժամանակ երկու հաստատությունում` համար 23 մանկապարտեզում և 17 հատուկ դպրոցում:
Ամփոփելով կամավորական գործունեության անցած 3 ամիսները` Լուսինեն փաստում է` այն ստացվեց և ծառայեց իր նպատակին: Ապագա մանկավարժը ուրախ է, որ հնարավորություն ունեցավ բուհում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կիրառել նաև գործնականում: «Կարևորում եմ նաև այն, որ այս ծրագրի շնորհիվ ունեցա մասնագիտական և անձնային ձեռքբերումներ, երեխաների հետ աշխատելու հմտություն և ինչ-որ չափով բացահայտեցի այսօրվա դպրոցի կարիքները`ապագայում դրանք շտկելու ակնկալիքով»,-ավելացրեց Լուսինե Ասատրյանը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Լուսինե Պողոսյանը գոհ է աշխատանքի արդյունքից: Նա վստահ է` ծրագիրը կնպաստի աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակությանը, կլրացնի կրեդիտային համակարգում սակավ պրակտիկայի ժամանակաչափը և հնարավորություն կտա առավել արդյունավետ գնահատել ուսանողի ակտիվությունն ու ինքնուրույնությունը: