ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թռիչք` կրթությունից դեպի կյանք
14.06.2012
Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ բուհի 11 ֆակուլտետների այս տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման արարողությունը:
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում ավարտական դիպլոմներ ստացան բակալավրիատի 78 և մագիստրատուրայի 19 ուսանողներ. նրանցից 24-ը արժանացան գերազանցության դիպլմոների:
Նախքան դիպլոմներ հանձնելը, ֆակուլտետեի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Արաբաջյանը ուսանողներին հիշեցրեց, որ գիտությունը դժվար, պատասխանատու, բայց և կլանող բնագավառ է:
Շնորհավորելով շրջանավարտներին` ֆակուլտետի դեկանը և ամբիոնի վարիչները հորդորեցին հետագայում կիրառել բուհում ստացած մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել մանկավարժի և գիտնականի գործին:
Բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Հարությունը, մեջբերելով 19-րդ դարի խոշորագույն մաթեմատիկոս Հանրի Պուանկարեի միտքն ասաց. «Մտնել դասարան նշանակում է լուծել 30 ոչ գծային հավասարում, սատանան գիտի` քանի անհայտով. նախապես չիմանալով այդ խնդիրը լուծում ունի՞, թե՞ ոչ: Դուք 45 րոպեում պետք է լուծեք ցանկացած խնդիր, միևնույն ժամանակ այստեղ ստացած կայուն գիտելիքները օգտագործեք շտկելու այն իրավիճակն ու խնդիրները, որն ունի այսօրվա դպրոցը»,-եզրափակեց նա:
Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանն էլ հավելեց.«Կյանքում թռիչքներ շատ են լինում. այս թռիչքը որակական մեծ նշանակություն ունի.սա թռիչք է կրթությունից դեպի կյանք: Մանկավարժականը միշտ սպասում է ձեզ»:
Ավարտական դիպլոմներ ստացան նաև Ֆիզիկատեխնելոգիական ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի 140 շրջանավարտները. 21-ը` գերազանց առաջադիմությամբ:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսկան կազմը, ուսանողներն ու նրանց հարազատները:
Մհեր Մելիք-Բախշյանը շնորհավորեց շրջանավարտներին` մաղթելով հաջողություններ իրենց մասնագիտական ոլորտում և խորհուրդ տվեց` երբևէ չմոռանալ, թե որտեղից են սկսել իրենց մասնագիտական առաջին քայլերը:
Հնչած բոլոր շնորհավորանքներին ու մաղթանքներին միացավ նաև ֆակուլտետի դեկան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Դեմիրխանյանը: