Այսօր մեծ հանդիասավորությամբ ավարտական դիպլոմներ հանձնվեցին նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի 201 և մագիստրատուրայի 48

շրջանավարտների. նրանցից 41-ը ստացան գերազանց առաջադիմության դիպլոմներ:
Շրջանավարտներին ողջունեց ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը: «Հուզիչ է, քանի որ մի պահ վերադառնում եմ այն հեռավոր սեպտեմբերը, երբ դուք ձեր ապագան կապեցիք մանկավարժական համալսարանի հենց այս ֆակուլտետի հետ: Հիմա դուք օժտված եք մասնագիտական ներուժով, քաղաքացիական դիրքորոշումներով, ուրույն աշխարհընկալմամբ, կյանքի նկատմամբ կայուն աշխարհայացքով. այդ ամենի համար պետք է շնորհակալ լինել պրոֆեսորադասախոսական անձնակազմին»,-ասաց Սրբուհի Գևորգյանը:
Վերջինս վստահեցրեց, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները հիմք են հանդիսանալու նրանց` շարունակական անձնային զարգացմանը, մասնագիտական ձեռքբերումներին:
Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորեց նաև աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային և հայոց փիլիսոփայական ակադեմիաների պրեզիդենտ Գեորգ Բրուտյանը: Վերջինս կոչ արեց, որ յուրաքանչյուրն առաջին հերթին լինի իր քննադատը: «Հանճարները պատահաբար չեն ծնվում, բայց կան հանճարներ, որոնք չգիտեն, որ իրենք էլ հանճար են: Ես վստահ եմ, որ ձեզանում նույնպես հանճարներ կան»,-ասաց Գեորգ Բրուտյանը:

Ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ասացին ամբիոնների վարիչները:
Ավարտական դիպլոմներ ստացան նաև Հատուկ կրթության ֆակուլտետի բակալավրիատի 156 շրջանավարտ: Ի դեպ, նրանք նորաստեղծ ֆակուլտետի առաջին շրջանավարտներն էին:
Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոցենտ Արմինե Ավագյանը ողջունեց և շնորհավորեց շրջանավարտներին: Նա հորդորեց ուսանողներին պահպանել կապը համալսարանի հետ, քանի որ այս բուհում են աշխատում ոլորտի լավագույն մասնագետները:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև ֆակուլտետի նախկին դեկան կենսաբանական գիտությունների թեկնածու Սպարտակ Փալիկյանը: Վերջինս վստահեցրեց, որ շրջանավարտները ստանում են հանրապետությունում կրթական ծառայություններ մատուցող առաջատար բուհի` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիպլոմը: «Ուր էլ լինեք, չկորցնեք հավատը ձեր ուժերի հանդեպ, պայքարեք և կհաղթեք ձեր գիտելիքների շնորհիվ, քանի որ ձեր դասախոսները խորը գիտելիքներ են հաղորդել ձեզ»,-ասաց Սպարտակ Փալիկյանը:
Մեծ հանդիսավորությամբ իրենց ավարտական դիպլոմները ստացան նաև Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության բաժնի 166 շրջանավարտները. նրանցից 17-ն արժանացան գերազանց առաջադիմության դիպլոմների:
Շրջանավարտներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը: «Այսօր տոն է նաև դասախոսներիս համար, քանի որ կյանք ենք ճանապարհում մի նոր սերունդ, որոնց փոխանցել ենք մեր փորձն ու գիտելիքները, ներարկել ապագա ուսուցչին որակներ: Հպարտացեք նրանով, որ դուք սովորել եք այն բուհում, որն 90 տարիների ընթացքում կրթել է վաստակաշատ մանկավարժների», -ասաց Սվետլանա Հովակիմյանը:

