ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարչապետը դիպլոմներ հանձնեց Մանկավարժականի շրջանավարտներին
15.06.2012

ՀՀ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում Մանկավարժական համալսարանի կազմակերպած տոնական միջոցառման ժամանակ ավարտական դիպլոմներ հանձնեց այս տարվա շրջանավարտներից լավագույններին:

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամները՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր:

Արարողությունը սկսվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Նա, շնորհավորելով շրջանավարտներին, ասաց.«Դուք այսօր ոտք եք դնում նոր կյանք. թող միջավայրը չազդի ձեզ վրա, այլ դուք`որպես աբովյանականներ, ձեր կնիքը թողեք կյանքի վրա: Թիավարեք հոսանքին հակառակ. դա է բնորոշ անհատի գործողությանը»,-խորհուրդ տվեց հոգևոր առաջնորդը:

Ապա Համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը կարմիր դիպլոմներ հանձնեց 11 ֆակուլտետների լավագույն 22 ուսանողներին:

Պաշտոնական մասին հաջորդեց տոնական համերգը. հայ էստրադայի ներկայացուցիչներ Մհերը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանն ու Էրիկը շնորհավորեցին շրջանավարտներին և իրենց աշխույժ կատարումներով տոնական շունչ հաղորդեցին երեկոյին:

Նշենք, որ մեկ օրում բուհի բոլոր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու ավանդույթը համալսարանում հիմք է դրվել նախորդ տարվանից: Մանկավարժական համալսարանն այս տարի ունեցավ 2003 շրջանավարտ: