ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քիմիան հնարամիտների համար
15.06.2012

Հունիսի 15-ին Մանկավարժական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Պատանի քիմիկոսների համահայկական երրորդ մրցաշար»-ի քառորդ եզրափակիչը:

Այս տարի մրցույթին մասնակցում են 18 թիմեր. նրանցից 9-ը Երևանից են, 2-ական թիմերը Գյումրիից ու Վանաձորից, և մեկական թիմեր` Արարատից, Գավառից, Գորիսից, Վաղարշապատից և Նոյեմբերյանից:
Ինտերակտիվ խաղի սկզբունքով անցկացվող մրցույթի ընթացքում 9-12-րդ դասարանների աշակերտները լուծեցին քիմիայի 14-ական խնդիր, այդ թվում` տեսանյութի տեսքով :
Այս տարի ժյուրիի նախագահն է Երևանի պետական համալսարանի անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր համբարձում Խաչատրյանը:
Ժյուրիի կազմում ներգրավված են նաև Մանկավարժական համալսարանի, ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ:
Մրցույթի ավարտից հետոո ժյուրին ամփոփեց արդյունքները. կիսաեզրափակիչ փուլ անցան Արարատի «Աքվա», Երևանի «Բնագետ», «Գիտունիկ» և համար 119 ավագ դպրոցի, Վանաձորի «Էվրիկա», «Մենդելեևի հետնորդներ», Նոյեմբերյանի «Ռադիկալ», Գավառի «Վիտա» և Գյումրու «Ֆոտոն» թիմերը:
Վերջիններս կհանդիպեն արդեն կիսաեզրափակչում, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի երկրորդ կեսերին:
Մրցույթի մասնակիցներին կազմակերպիչները շնորհեցին մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:
Նշենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը, ձգտելով հայ աշակերտներին ներգրավել միջազգային հայտնի դպրոցական մրցույթներում, 2010 թվականից կազմակերպում է «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար» մրցույթը:
Նախաձեռնության գաղափարը և մրցույթի անցկացման տեխնոլոգիան փոխառված են երկար տարիներ հաջողությամբ անցկացվող «Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշար»-ից: