Դավիթ Հովհաննիսյանը Մանկավարժական համալսարանի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի մշակութային հոսքի ռեժիսուրայի բաժնի աշակերտ է:

Դաշնամուր նվագում է 6 տարեկանից: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կրթություն ստացած պատանի դաշնակահարը ունեցել է բազմաթիվ մենահամերգներ թե´ հանրապետությունում, թե´ նրա սահմաններից դուրս:
Թբիլիսիի պատանի դաշնակահարների մրցույթի բրոնզե, Փարիզի Սկրյաբինի անվան և Սանդորինիի կղզու դաշնակահարների մրցույթների առաջին մրցանակակիրը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծ համերգասրահում ունեցավ հերթական մենահամերգը:
Դասականից մինչև մոդեռն. ծրագրում ընդգրկված Լ. Վ. Բեթհովենի, Ս. Ֆրանկի, Ա. Բերգի, Ֆ. Լիստի և Ս. Պրոկոֆիեևի բազմաժանր ստեղծագործությունները հատուկ էին ընտրված` բավարարելու տարբեր նախասիրություններ ունեցող երաժշտասերի ճաշակը:
«Կարծում եմ` դասական երաժշտությունն իր ահռելի նշանակությունն ունի մարդու հոգեկան աշխարհի ձևավորման հարցում: Մենահամերգիս ընթացքում հնչած ստեղծագործությունները ներկայացնում են դասական երաժշտության տարբեր լեզուներ: 70 րոպե տևողությամբ համերգի միջոցով փորձեցի պահպանել մի ընդհանուր գիծ և բացահայտել դասական երաժշտության որոշ ուղղություններ.ելնելով ծափողջույններից` կարելի է ենթադրել, որ դա ինձ հաջողվեց»,-ասաց Դավիթ Հովհաննսիյանը:
Նորահայտ դաշնակահարի կարծիքով, իր հասակակիցների մոտ պակասում է մտքի թռիչքը: Դավիթը նրանց խորհուրդ է տալիս հրաժարվել մակերեսորեն ապրելու կենսակերպից և առավել մոտ լինել արվեստին:
Նա համոզված է` երաժշտության հետ կապ ունեցող մարդը չի կարող հեռու լինել արվեստի այլ բնագավառներից: Դրա վառ ապացույցը ապրիլի 7-ին` մայրերի տոնին նվիրված Դավիթի հեղինակած «Երկրագունդը կնոջ մեջ» դրամայի առաջին գործողության բեմականացումն էր: Ամբողջական պիեսը կբեմադրվի սեպտեմբերին:
Իսկ մինչ այդ` հունիսի 26-ին, Դավիթ Հովհաննիսյանը կմասնակցի Սոլթ Լեյք Սիթիի Ջինա Բախաուերի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթին: Միջազգային հեղինակավոր մրցույթում նա 600 մասնակիցներից ընդգրկվել է լավագույն 30-ի մեջ: