ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժի մասնագիտությունը՝ դիմորդների ուշադրության առանցքում
20.06.2012

Մանկավարժական համալսարանում հունիսի 25-ից հուլիսի 2-ը կանցկացվի դիմորդների դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլը. այն նախատեսված է բանակից զորացրվածների, օտարերկրյա բուհերում սովորած քաղաքացիների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների համար:

Դիմորդների դիմում-հայտերի ընդունումը կատարվում է երկու փուլով. արդեն ավարտվել է 2012-2013 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության փաստաթղթերի ընդունման առաջին փուլը:

Մայիսի 5-ից հունիսի 1-ը դիմում-հայտ են ներկայացրել դպրոցների այս եւ նախորդ տարիների շրջանավարտները:

Այս տարի Մանկավարժականին հատկացված 1554 տեղի համար կպայքարեն 1759 դիմորդներ: Առավել շատ դիմորդներ կան մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)`178, պատմություն`115, հայոց լեզու և գրականություն`101, իրավագիտություն (մանկավարժություն)` 91, կերպարվեստ և գծագրություն`86, մանկավարժություն և մեթոդիկա (նախադպրոցական կրթություն)`82, պարարվեստ` 77, հատուկ հոգեբանություն` 77, կենսաբանություն`71 մասնագիտությունների գծով:

Դիմորդների ընդունելության կազմակերպման և համակարգման բաժնի պետ Մկրտիչ Ղուկասյանը գոհ է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացից. «Գործերի ընդունման համար ընդունող հանձնաժողովին տրամադրված հարմարավետ պայմանները հնարավորություն տվեցին փաստաթղթերի ընդունման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված և հանգիստ մթնոլորտում: Դիմում-հայտերը ճշգրտորեն լրացնելուն դիմորդներին օգնեցին ընդունող հանձնաժողովի անդամները»:

Խոսելով այս տարվա նորամուծություններից` Մկրտիչ Ղուկասյանը նշեց, որ հստակեցվել է երկու աստղանիշով նշված մրցութային առարկաներից քննությանը չմասնակցելու և ավարտական կամ տարեկան գնահատականը ատեստատից պահպանելու կարգը, ըստ որի` դիմորդներին հնարավորություն է տրվում մասնակցել վճարովի թափուր տեղերի մրցույթին:

Երկրորդ նորամուծությունն այն է, որ հանրապետության բուհերի` նույն առարկայից դրական միավոր ստացած դիմորդները կարող են նոր դիմում-հայտ ներկայացնել և մասնակցել տվյալ մասնագիտության գծով թափուր տեղի մրցույթին:

Հաջորդը վերաբերում է զորակոչային տարիք ունեցող հանրակրթական դպրոցների շրջանավարտներին. նրանք բանակ կզորակոչվեն ընդունելության քննությունները հանձնելուց հետո: Մրցույթով անվճար տեղեր զբաղեցնողները կօգտվեն նաև տարկետման իրավունքից:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանն այս տարի ևս կիրականցնի նպատակային ընդունելություն. ՀՀ սահմանամերձ, լեռնային գոտիներից ներկայացված հայտերի հիման վրա անվճար տեղերը կզբաղեցնեն դիմորդների 50 տոկոսը: