ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում ընթանում են հեռակայի ավարտական քննությունները
21.06.2012

Հունիսի 13-ից Մանկավարժական համալսարանում մեկնարկել են հեռակա համակարգում սովորող ուսանողների պետական ավարտական քննությունները:


Ամփոփիչ ատեստավորման քննությունները համալսարանում ընթանում են 34 մասնագիտությունների գծով, որոնց կմասնակցի շուրջ 1250 ուսանողներ:


Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանի խոսքով, այս տարի լուրջ առաջընթաց է արձանագրվել քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացում: Եղել են բողոքարկումներ, սակայն գնահատական չի բարձրացվել:


Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Մնացականյանի համար քննական թեժ գործընթացն ու դրա հետ կապված մտավախություններն ու անհանգստություններն արդեն անցյալում են:


Գերազանց գնահատական ստացած ուսանողուհին գոհ է քննության ընթացքից, հանձնաժողովի աշխատանքն էլ գնահատում է օբյեկտիվ և զուրկ ավելորդ խստությունից:


«Ավարտական աշխատանքիս թեման էր «Microsoft Access բազայի հիմնական ֆունկցիաների դասավանդման մեթոդիկան միջին դպրոցում»: Ամիսներ շարունակ տարվող բազմաչարչար աշխատանքից հետո հասկացա, որ ծրագրային այս փաթեթի դասավանդման մեթոդիկան անհրաժեշտ է ոչ միայն Մանկավարժականում, այլև ավագ դպրոցում»:


Նկատի ունենալով, որ միջին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարաններում հաղորդած տեղեկությունը բավարար չէ ավագ դպրոցում գիտելիքների խորացման համար, Անին իր լաբորատոր աշխատանքներում և թեստերում ներառել է այնպիսի մեթոդական մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան աշակերտին բավարարել ոլորտում իրականացվող բարեփոխումների համար անհրաժեշտ չափորոշիչները:


5 գերազանց, 1 լավ, 5 բավարար և 1 անբավարար. քննությունների արդյունքը գոհացուցիչ է նաև Ինֆորմատիկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սարուխանյանի համար:


Վերջինս առաջին անգամ է Մանկավարժականում գլխավորում հանձնաժողովի աշխատանքները: Ընդունված այն տեսակետը, թե հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողը սակավ գիտելիքներ ունի, թյուր կարծիք է համարում: Վստահ է` ամեն ինչ կախված է ցանկությունից. 21-րդ դարի ուսանողին էլ խորհուրդ է տալիս հնարավորինս գործածել ինքնուսուցման ռեսուրսը:


Նշենք, որ Մանկավարժական համալսարանն արդեն իսկ կիրառում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, համաձայն որի քննությունների ողջ ընթացքը ձայնագրվում է: Այն հնարավորություն է տալիս շրջանավարտին ստացած գնահատականը բողոքարկել քննության արդյունքները հայտնելուց հետո` մեկ ժամվա ընթացքում: