Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Երիտասարդության արժեքային կողմնորոշումները և նրանց հուզող հարցերը» թեմայով երկօրյա գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվում է համաձայն Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի 2012-2013 ուսումնական տարվա ռազմավարական պլանի:
Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք: Կարևորելով գիտաժողովի թեման` ռեկտորն ասաց, որ այն իր մեջ լուրջ հարցում է պարունակում: «Եթե մենք կարողանանք հասկանալ այսօրվա երիտասարդության կողմնորոշումները, մեզ համար դյուրին կլինի գոնե որոշակիորեն պատասխանել նաև նրանց հուզող հարցադրումներին»:
Բուհի ռեկտորը վստահեցրեց` լավագույն աշխատանքերն ու հետաքրքիր նյութերը տեղ կգտնեն համապատասխան ժողովածուում:
Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանն էլ իր խոսքում նշեց. «Զարգացման կայուն ժամանակաշրջանում մեր համալսարանը կարևորում է հատկապես այն գիտությունները, որոնց դերն ու նշանակությունը անգնահատելի են հասարակության զարգացման գործում: Գիտաժողովի մասնակիցները փոխակերպվող հասարակությունում երիտասարդների արժեքային կողմնորոշումների, քաղաքական մասնակցության, արևմտացման, սոցիալական ակտիվության և դրանց հետևանքով առաջացած հիմնահարցերի մասին կներկայացնեն իրենց գաղափարները, տեսակետներն ու բացահայտած գիտական նորույթը»:
Գիտաժողովի մասնակից Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, Գևորգ Պողոսյանը գիտաժողովին ներկայարեց «Երիտասարդ Հայաստան» թեմայով զեկույցը:
Սոցիոլոգը խիստ մտահոգ է. Հայաստանում երիտասարդությունը արհամարհված, քիչ լուսաբանված և չուսումնասիրված ոլորտ է: Այնինչ երիտասարդները, ըստ նրա, այն խումբն են, որոնք տարիներ հետո ձևավորելու են մեր երկրի դիմագիծը:
Անդրադառնալով հայերի` 20-ամյա նոր սերնդին, Գևորգ Պողոսյանն ասաց. «Երիտասարդական ենթամշակույթը շատ բազմազան է և բազմաբնույթ: Մեր աչքերի առաջ տեղի են ունեցել էական պատմական իրադարձություններ. կյանքի է կոչվել հայերի մի նոր սերունդ` անկախ Հայաստանի առաջին պտուղներն ու զավակները: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հասկանալ այսօր, թե ովքե°ր են նրանք, ի°նչ են ցանկանում, ինչի° են ձգտում, ի°նչ են սիրում և ատում»:
Երիտասարդ կարիերիստներ, բողոքականներ, էլիտար «գլամուրային» երիտասարդություն, պրոֆեսիոնալ երիտասարդներ, օտարված, դեվիանտ կամ մարգինալ երիտասարդներ. սրանք, ըստ սոցիոլոգի, հայ նոր երիտասարդության այն մի քանի հիմնական խմբերն են, որոնք կազմում են ներկայիս երիտասարդական ենթամշակույթի ողջ խճանկարը:
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ռոբերտ Ջիջյանն էլ իր «Երիտասարդության բարոյական արժեքները և քրիստոնեությունը» թեմայում սուր հարցադրումներ է անում. անդրադառնալով տիրող անհատամոլությանը, հարստամոլությանն ու դրամի մենիշխանությանը` փիլիսոփան թեպետ անհնարին է համարում երիտասարդների դրական սոցիալականացումը, բայց և շտապում է առաջարկել այն դեղատոմսը, որը կբարելավի ստեղծված իրավիճակը:
Գիտաժողովի նախագահողներն են 20-րդ դարի հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային և հայոց փիլիսոփայական ակադեմիաների պրեզիդենտ, ՀՊՄՀ մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Մշակույթի համաշխարհային ակադեմիայի ցմահ անդամ (Մեծ Բրիտանիա) և տասնյակ այլ երկրների ակադեմիայի անդամ Գեորգ Բրուտյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ՀՊՄՀ-ի գիտքարտուղար Հասմիկ Պետրոսյանը և Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանը:
Գիտաժողովի աշխատանքերը կշարունակվեն նաև վաղը: