ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ամբիոնների վարիչների ընտրության, գիտական կոչումների շնորհման, ամփոփիչ
ատեստավորման ավարտական քննությունների արդյունքների մասին, ինչպես նաև գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների հաշվետվությունները, կառուցվածքային բարեփոխումների ընթացքը համալսարանում:
Նախքան օրակարգին անցնելը, համալսարանի գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց հոբելյարներին:
Ապա դոցենտի և պրոֆեսորի դիպլոմներ շնորհեց գիտական կոչումների ներկայացված թեկնածուներին:
Օրակարգի առաջին հարցը բուհի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների թեկնածուների ընտրությունն էր: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ընտրվեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ` աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, Ռեժիսուրայի ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանը, իսկ Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը:
Փակ քվեարկությամբ` գրեթե միաձայն, հաստատվեցին նաև գիտական կոչումների շնորհմանն առաջադրված թեկնածուները:

Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ամփոփեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների ատեստավորման քննությունների արդյունքները: Նա նաև հանդես եկավ իրավիճակը բարելավելու համապատասխան առաջարկներով:
Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարցը:
Համալսարանի կառուցվածքային բարեփոխումների ընթացքին անդրադարձավ նաև գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը:
Ներկայացնելով Մանկավարժության միջֆակուլտետեային և Ընդհանուր մանկավարժության համահամալսարանական ամբիոնների բակալավրական ուսումնական ծրագրերի, համակարգակառուցվածքային վերլուծությունները, պրոռեկտորը առաջարկեց լուծարել հիշյալ ամբիոնները:
Կրթական տարբեր մակարդակներում կառավարման և որակյալ կրթության ապահովման մոդելն իրականացնելու համար Արա Երեմյանն անհրաժեշտություն համարեց առանձին ամբիոնների ձևավորումը, ինչն արժանացավ գիտական խորհրդի անդամների հավանությանը:
Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանն էլ անդրադարձավ բուհի ֆիզիկատեխնոլոգիական, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների միավորման անհրաժեշտությանը: Հարցն ընդունվեց գիտական խորհրդի անդամների կողմից:
Նիստում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: