ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուրեն Գյանջումյան.«Պարե´ք, որ երկար ապրեք»
02.07.2012
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Սուրեն

Գյանջումյանի ծննդյան 80 և ստեղծագործական 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
«Անհատ արվեստագետ, ով հայ պարարվեստն ու մշակույթը նորանոր բարձունքների է հասցրել: Նրա փառապանծ կենսագրությունն ու մեծ ներդրումը անջնջելի հետք կթողնի հայ պարարվեստի պատմության մեջ»,-այսպես ներկայացրեցին Սուրեն Գյանջումյանին, համերգավարներ Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և ռադիոհաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը:
Աշխարհի մի շարք երկրներում պարի անթարգմանելի լեզվով հանդիսատեսին գերած, հայ ազատատենչ ոգու, ուրախությունների և ձախորդությունների մասին իր բեմադրություններով պատմած պարարվեստի մեծ երախտավորին իրենց կատարումներով շնորհավորեցին «Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլը», «Հայաստանի պարի պետական անսամբլը», «Բերդ», «Գյումրվա վարպետներ», «Բարեկամություն», Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարային անսամբլը և այլ համույթներ:
Մեկ տանիքի ներքո էին հավաքվել վարպետի ղեկավարած «Կանազ» պարային համույթի տարբեր տարիների սաները:

Ոճական ինքնատիպ պարերի հեղինակին անակնկալ էր սպասվում. վաստակավոր «Բերդ » պարային համույթը ներկայացրեց վարպետի` ազգային պարի նկարագիրը պահպանած, տասնամյակներ առաջ բեմադրած «Եղեգնաձորցիներ» պարը:
Երեկոյի ընթացքում վաստակավոր պարուսույց-բեմադրիչն արժանացավ մի շարք պարգևների: Հայաստանի Ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, Հայաստանի Ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, հանրապետության վաստակավոր գործիչ,Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժության ամբիոն»-ի վարիչ Կարեն Գևորգյանը, շնորհավորելով Սուրեն Գյանջումյանին, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի անունից նրան շնորհեց բուհի բարձրագույն պարգևը` «Ոսկե մեդալ»:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմության և այս հիշարժան օրն իր հետ անցկացնելու համար` վարպետը, կեսկատակ-կեսլուրջ, նրանց հրավիրեց միասին նշելու իր 100-ամյա հոբելյանը: