ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական պրակտիկան`ամառային ճամբարներում
14.07.2012
ՀՊՄՀ-ում ապագա ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մեջ պարտադիր մաս է կազմում մանկավարժական պրակտիկան ամառային ճամբարներում անցկացնելը:
Այն չափազանց կարևոր է հատկապես տարրական դասարանների ապագա մանկավարժների մասնագիտական հմտությունների ձևավորման համար:
Այդ պրակտիկան համարվում է բուհի ուսումնադաստիարակչական գործընթացի բաղկացուցիչ մաս, ինչպես նաև տեսական գիտելիքների և ապագա ուսուցիչների մասնագիտական մանկավարժական պատրաստվածության հենք:
Սկզբնական կրթության ֆուկուլտետի մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ուսումնական պլանով նախատեսված իրենց ճամբարային պրակտիկան անցկացրեցին Ծաղկաձորի և Հանքավանի մի շարք ճամբարներում:
Մանկավարժական պրակտիկայի հիմնական խնդիրն էր ուսանողներին ծանոթացնել դաստիարակչական աշխատանքի բովանդակությանը, մեթոդներին և ձևերին, ձևավորել մանկավարժական կարողություններ դաստիարակության բնագավառում:
Օրերս Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան Լուսինե Պողոսյանը, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հ.Հարությունյանն ու հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ա.Գալստյանը շրջայց կատարեցին վերը նշված ճամբարներ, ծանոթացան ուսանողների կատարած աշխատանքներին և առօրյային, զրուցեցին ճամբարների պետերի հետ:
«Ուսանողի աշխատանքն ամառային ճամբարում մանկավարժական գործունեության յուրահատուկ ձև է, որը նրանցից պահանջում է գիտելիքներ և պատասխանատվություն: Ուսանողները ոչ միայն կազմակերպում են երեխաների ակտիվ հանգիստն ու զարգացումը, այլև պատասխանատվություն են կրում երեխաների կյանքի, առողջության և անվտանգության համար»,- ասաց գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան Լուսինե Պողոսյանը:
Նշենք, որ մանկավարժական պրակտիկան ամառային ճամբարներում շարունակական է: