ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է ՀՊՄՀ ուսանողների պլեներային պրակտիկան
14.07.2012
«Արդեն երրորդ տարին է`Աղավնաձորում եմ. միայն ամառային հանգիստը չէ. գործնականը, օգտակարն ու հաճելին` երեքը մեկում, համատեղում եմ կուրսընկերներիս ու դասախոսներիս հետ, միևնույն ժամանակ քաղաքից ու մի փոքր էլ դասերից հեռու` յուրօրինակ ու միանշանակ ուսուցողական»,-ասաց Եվան` դեռ ուսումնամարզական բազա չմտած: Վերջինս չորրորդ կուրս փոխադրվող ուսանողներից ու առաջիններից մեկն է, որ շտապում է տեղավորել պայուսակն ու հասցնել ուսումնասիրել տեղանքը:
Մեկնարկել է Մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական ու ավանդական պրակտիկան: Գեղարվեստի ֆակուլտետի ուսանողները հերթափոխով իրենց հանգիստն ու պլեները անցնակցնում են բուհի աղավնաձորյան ուսումնամարզական գոտում:
Առաջին խումբն արդեն ավարտել է աշխատանքը: Ծրագրով նախատեսված ու վրձնին հարազատ վայրերն արդեն կտավներում են: Կեչառիսի հուշարձանախումբ, Տրդատավանք, Բջնի, Թեղենիս. սրանք այն վայրերն են, որտեղ եղան երիտասարդներն ու ստեղծագործեցին. չքնաղ բնություն և անհագ մրցակցություն. մոտ հարյուր ուսանողների առաջին ջոկատը մրցեց ու բոլորն էլ հաղթեցին:
Ոչ միայն այցելություն տեսարժան վայրեր ու հուշակոթողներ, այլև մասնագիտական հմտություններ հենց Աղավնաձորում. աշխատանքային գործիքներով ու եռանդով նրանք պատրաստվեցին ստուգարքին:
Ամենակարևոր ու բարդ առաջադրանքը վերջում. դիմանկար, որում թերանում են անգամ փորձառու մասնագետները: Թերացան, բայց չծուլացան: Մանկավարժականի նկարիչները ընկերներին ու ֆիգուրաներին նկարեցին ձեռքի մեկ շարժումով:
Աշխատանքային դյուժինը եզրափակեց Հանքավանի արհեստական լիճը: Ուսանողների արշավը ավարտվեց, հանգիստը` ոչ: Հյուրերին ու հանգստացողներին ուրախացնելու ու զարմացնելու առիթները ևս քիչ չէին:
Երիտասարդները հանդիպեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների այրիներին ու հարազատներին. ազգագրական երգերից մինչև ավանդական քոչարի անգամ կեսգիշերն անց:
Հաջորդն հանդիպումն ու տոնակատարությունը սփյուռքահայերի հետ էր:
Վերջին օրն ու ամենաբախտորոշը. հերթը քննությանն է, որում կարևորվեց ոչ այնքան գնահատականները, որքան ուսանողների աշխատասիրությունը. <<Բոլորն էլ աշխատել են. մեկը պակաս, մյուսն ավել. գլխավորը, որ սիրում են նկարել, խորհուրդ հարցնել ու նաև հակառակվել:
Ամեն տարի ուսանողներն ավելի են հմտանում. նկարները դառնում են ավելի հարուստ ու ընդգրկուն»,- ամփոփելով պլեներային աշխատանքն ասաց Պրակտիկայի համակարգող Սևադա Սարգսյանը:

Դավիթ Դավթյան