ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն՝ դրամաշնորհային ծրագրի համակարգող
28.08.2012
Առաջին անգամ Հայկական պետական մանկավարժական համալսարանը հանդես է գալիս որպես դրամաշնորհային ծրագրի համակարգող:
ՀՊՄՀ –ն հաղթել է Տեմպուս IV-ի Առաջարկների 5-րդ մրցույթում, որի արդյունքում կմշակվի ՙԲարձրագույն կրթության կառավարում. կրթական փոխակերպումների կառավարման առաջնորդների պատրաստում՚ մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր: Նոր մագիստրոսական ծրագրի ներդրման նպատակով կմշակվեն համապատասխան որակավորումները, ուսումնական վերջնարդյունքները, ուսումնական վերջնարդյունքներով պայմանավորված գնահատման համակարգը, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանությունը, կբարելավվեն համալսարանի կարողությունները: Ծրագրի ընթացքում նախատեսվում է Մանկավարժական համալսարանում ստեղծել Կրթության կառավարման ամբիոն: ՀՊՄՀ-ն կհիմնադրի նաև Կրթության մասնագետների մասնագիտական ասոցիացիա: Ծրագրի տևողությունը 36 ամիս է: Այն կմեկնարկի 2012 թվականի հոկտեմբերի 15-ին, իսկ ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է մշակել նաև մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ինչպես ՀՊՄՀ-ի, այնպես էլ շահառու բուհերի դասախոսները: Արևելյան հարևանության երկրներից ծրագրին կհամագործակցեն Հայաստանն ու Վրաստանը հետեւյալ հաստատություններով. Հայաստանից՝ ՀՊՄՀ, (ծրագրի համակարգող), Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ), ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Վրաստանից՝ Իլիայի պետական համալսարան, Սևծովյան միջազգային համալսարան, Շոթա Ռուստավելու անվան պետական համալսարան, Ակակի Ծերեթելու պետական համալսարան, Կրթության որակի բարելավման ազգային կենտրոն, Վրաստանի կրթության և գիտության նախարարություն:
Ծրագրին համագործակցող եվրոպական երկրներներն են Գերմանիան՝ Կոբլենց Լանդաու համալսարան, Ֆրանսիան՝ Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն, Չեխիան՝ Մասառիկի համալսարան, Իտալիան՝ Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն, Մեծ Բրիտանիան՝ Բաթ Սպա Համալսարան և Միդլսեքս համալսարան:
Նախատեսվում է Նոր մագիստրոսական ծրագրում ուսանողների ներգրավում, նոր ընդունված ուսանողների համար ներածական խորհրդատվություն, ինչպես նաև՝ ուսանողների փոխանակում, ուսանողների տեղավորում աշխատավայրերում՝ հասարակական հիմունքներով: Ի դեպ, ՀՊՄՀ-ի 15 ուսանող ծրագրի շրջանակում կմասնակցի փորձարկմանը, և ծրագրի արդյունավետության ստուգման նպատակով նրանց ուսման մի մասը կկազմակերպվի անգլիական բարձրագույն ուսումնական հաստատություններում: