Մանկավարժական համալսարանում կայացավմիջբուհական կոնսորցիումի հերթական նիստը, որին մասնակցում էին միջբուհական կոնսորցիումի բուհերի` Գորիսի պետական,

Արցախի պետական համալսարանների, Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական, Միքայել Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական և Կրթության ազգային ինստիտուտների ռեկտորները:
Նիստի քննարկումների առանցքում բարձագույն մանկավարժական կրթության բարեփոխումների հայեցակարգն էր ու դրա զարգացման հիմնական միտումները:
ՀՊՄՀ Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մանկավարժական կրթության բարեփոխումների հայեցակարգը, անդրադարձավ 21-րդ դարի մանկավարժի պատրաստման սկզբունքներին, դրանց համապատասխանեցմանը ՀՀ կրթական քաղաքականությանը, ինչպես նաև եվրոպական փիլիսոփայությանը, մեթոդաբանությանն ու քաղաքականությանը:
Կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգում մանկավարժական բուհի առանձնահատուկ առաքելությունը` Մկրտիչ Ավագյանն այն համոզմունքը հայտնեց, որ ժամանակակից ուսուցիչը պետք է անթերի տիրապետի իր առարկային, բոլոր այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են անհատի ընդունակությունները և նախասիրությունները բացահայտելու համար ու նաև ունենա մանկավարժամեթոդական և հոգեբանաբնախոսական գիտելիքների և ունակությունների հուսալի պաշար:
Վերջինս ներկաներին մանրամասն ներկայացրեց նաև մանկավարժական կրթության զարգացման փուլերը, բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումների նպատակն ու

խնդիրները, ինչպես նաև կրթության բարեփոխումներից ակնկալվող արդյունքները:
Նիստի ընթացքում Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, անդրադառնալով «Եվրոպական որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայի Օուլույի համալսարանի հետ տարվող աշխատանքներին, նշեց, որ այն նպատակ ունի բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը`ՀՊՄՀ-ի առաջնորդությամբ:
«Համատեղ աշխատանքների ընթացքում բոլոր վերոնշյալ ուղղություններով ուսումնասիրվել է մանկավարժական կադրերի պատրաստման միջազգային փորձը, վերլուծվել է Հայաստանում մանկավարժական բարձրագույն կրթության ներկայիս վիճակն ու հստակեցվել են բարեփոխումների մոտեցումները»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանը:
Հատկանշական է, որ համագործակցության շրջանակում կազմվել են թեմատիկ աշխատանքային խմբեր` միջբուհական կոնսորցիումի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նիստի ընթացքում անդրադառնալով կրթական բարեփոխումների անհրաժեշտությանը`վստահեցրեց, որ կրթական ավանդույթներ ունեցող այլ երկրների փորձի ընդօրինակումը կարող է հանգեցնել ողբերգական ավարտի:

«Կարծում եմ`մանկավարժական կրթության զարգացում ու որակական բարելավում կլինի այն դեպքում, երբ կգիտակցենք, որ ուսուցիչ ենք պատրաստում մեր ազգային դպրոցի համար»,-նշեց ռեկտորը:
Շարունակելով կրթական թեման` «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի քաղաքականության մշակման և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանն էլ ներկայացրեց «Տեմպուս 5»-ի շրջանակներում իրականացվելիք «Կրթության կառավարման տրանսֆորմացիա» ծրագիրը:
Ի դեպ, ՀՊՄՀ-ն հաղթել է Տեմպուս IV-ի Առաջարկների 5-րդ մրցույթում, որի արդյունքում կմշակվի «Բարձրագույն կրթության կառավարում. կրթական փոխակերպումների կառավարման առաջնորդների պատրաստում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր:
