ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեռակա ուսուցման ընդունելությանը մնացել են հաշված օրեր
29.08.2012
Օգոստոսի 10-ից Մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում սկսվել է 2012-2013 ուսումնական տարվա դիմորդների ընդունելությունը` 40 մասնագիտությունների գծով:
Համալսարան կարող են ընդունվել առանց տարիքային սահմանափակման միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցողները:
Մանկավարժականում հեռակա ուսուցումն իրականացվում է «Մանկավարժության բակալավր» կրթական ծրագրով` ուսուցման 5 տարի տևողությամբ, վճարովի հիմունքներով:
Դիմորդները հնարավորություն ունեն իրենց ընտրությամբ հայտագրվել և մասնակցել միայն մեկ մասնագիտության մրցույթի, իսկ որոշակի կարգավիճակ ունեցող դիմորդները կօգտվեն ուսումնական վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից:
Մրցույթից դուրս Համալսարան կարող են ընդունվել ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, նույնպես հնարավորություն կունենան համալսարան ընդունվել մրցույթից դուրս:
Բուհում նպատակային տեղերի մրցույթն իրականացվում է միայն ՀՀ միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ` առնվազն մեկ տարի աշխատող և մարզպետարանից գործուղում ունեցող դիմորդների միջև` նրանց կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:
Նշենք, որ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը:
Մանրամասները` «Հայտարարություններ» բաժնում: