Մանկավարժական համալսարանում 2012-2013 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 3-ին:
Հանդիսավոր և տոնական մթնոլորտում համալսարանն իր դռները կբացի առաջին կուրսեցիների առջև՝ վերանայված առարկայական ծրագրերով ու ուսումնական պլաններով:
Բոլոր ուսանողներին կողջունեն բուհի ռեկտոր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, դեկանները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Սկզբնական կրթության ֆակուլտետ այս տարի ընդունվել է 148 ուսանող, որոնց հանդիսավոր ընդունելությունը կլինի համալսարանի համակարգչային լսարանում: Ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը, փոխդեկաններն ու ամբիոնների վարիչները հանդես կգան ողջույնի և շնորհավորանքի խոսքով:
Բուհ ընդունվելու կապակցությամբ ուսանողներին կշնորհավորեն նախորդ տարիների շրջանավարտներն ու ֆակուլտետի երգչախումբը:
Հանդիսավոր ընդունելությունից հետո դասախոսների և մագիստրոսների ուղեկցությամբ Սկզբնական կրթության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները կսկսեն իրենց առաջին դասը:
Նոր ուսումնական տարին հանդիսավոր մեկնարկելու համար Կուլտուրայի ֆակուլտետը կազմակերպել է տոնական միջոցառում: Առաջին կուրսի 243 ուսանողների առաջին մուտքը կողջունի ֆակուլտետի փողային նվագախումբը, ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանը կներկայացնի 90-ամյա համալսարանի պատմությունն ու տարեգրությունը, Կուլտուրայի ֆակուլտետի անվանի շրջանավարտներին և նրանց գործունեությունը:
Դեկանը վստահեցնում է՝ ողջ ուսումնական տարվա ընթացքում իրենք առաջնորդվելու են «Դեպի լույս և գիտություն» կարգախոսով:
Գիտելիքի օրվա և բուհ ընդունվելու կապակցությամբ առաջին կուրսեցիներին կշնորհավորեն նաև ամբիոնների վարիչները, դասախոսները:
Հանդիսավոր ընդունելությունից հետո Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները կծանոթանան իրենց լսարաններին, մասնագիտական արվեստանոցներին, ֆոտոլաբորատորիային և ստուդիային: Ի դեպ, նոր ուսումնական տարվանից կուլտուրայի ֆակուլտետում կգործի բարձրակարգ սարքավորումներով հագեցած, ժամանակակից ճաշարանը, որտեղ ուսանողները բավականին մատչելի գներով կարող են սնվել:
Առաջին կուրսի 171 ուսանողի հանդիսավոր կերպով կդիմավորի նաև Հատուկ կրթության ֆակուլտետը: Համակարգչային լսարանում նրանց կշնորհավորեն ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու Արմենուհի Ավագյանը, փոխդեկաններն ու դասախոսները: Միջոցառման ընթացքում կհնչեն ՀՀ և Մանկավարժական համալսարանի հիմները՝ առաջին կուրսի ուսանողների կատարմամբ:
Արմենուհի Ավագյանը վստահեցրեց, որ Հատուկ կրթության ֆակուլտետի բոլոր առաջին կուրսեցիներին անակնկալ է սպասվում:
Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետներից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվել առաջին կուրսեցիներին դիմավորելուն: