ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մեծ նվեր՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ»
31.08.2012
Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում արդեն գործում է նոր ուսանողական ճաշարան:
Այսուհետ ուսանողները հնարավորություն կունենան լուսավոր և ընդարձակ սրահներում որակյալ սնվել բավականին մատչելի գներով:
Բուհի ղեկավարությունը հոգացել է ոչ միայն հարմարավետության, այլև առողջ սնվելու մասին. յուրաքանչյուր օրվա ճաշացանկում ընդգրկված են լինելու վիտամիններով հարուստ ապուրներ, աղցաններ, քաղցրավենիք և այլն:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ ճաշարանի այցելուներն օգտվեն թարմ, համեղ, որակյալ և մատչելի սնունդից»,-ասաց ճաշարանի խոհարարն ու ավելացրեց, որ, ըստ ուսանողների ցանկության, հնարավոր է՝ ճաշացանկում տեղ գտնեն նրանց իսկ առաջարկած ուտեստները:
Վերջինս բոլոր աշխատողների անունից հավաստիացրեց նաև, որ ճաշարանում նախորդ օրվա սնունդ երբևէ չի մատուցվելու:
Ճաշարանի բացման առթիվ ուրախ են նաև դասախոսները:
Նվագարանների ամբիոնի դասխոս, դոցենտ Սևադա Շհոյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է: Իր և սերնդակիցների համար նմանատիպ ճաշարանը պարզապես երազանք է եղել:
«Մեր ուսումնառության տարիներին պարզապես հնարավոր չէր հոգալ առողջ, թարմ և մատչելի սնվելու մասին: Սա առաջին հերթին հոգատարություն է ուսանողների և դասախոսների նկատմամբ: Այնպես որ, ճաշարանի բացումը մեծ նվեր էր նոր ուսումնական տարվան ընդառաջ»,-ավելացրեց դասախոսը:
Ի դեպ, Կուլտուրայի ֆակուլտետի ճաշարանում տիրում են նաև հայրենասիրական շունչն ու ոգին. սրահն ամբողջությամբ կահավորված է հայկական դրոշի բոլոր գույներով: