2012-2013 ուսումնական տարին մեծ տոնախմբությամբ դիմավորեցին Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի 243 առաջին կուրսեցիները:

Դահլիճում նրանց ողջունեց ֆակուլտետի փողային նվագախումբը, ապա՝ դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանը շնորհավորեց առաջին կուրսեցիներին բուհ ընդունվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ ֆակուլտետում ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք կրթություն ստանալու համար:
«90-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախում դասավանդել և դասավանդում են հայկական մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած անվանի գործիչներ. լավ սովորելու շնորհիվ դուք կլինեք նրանց արժանի փոխարինողները»,-ասաց ֆակուլտետի դեկանը:
Առաջին կուրսեցիներին շնորհավորեցին նաև ամբիոնների վարիչները, որոնք էլ ուսանողներին ուղեկցեցին համապատասխան լսարաններ: Հենց առաջին օրը առաջին կուրսեցիները սկսեցին լիարժեք դասերով:
Օրվան բնորոշ տոնական տրամադրություն էր նաև Բանասիրական ֆակուլտետում, որի 86 առաջին կուրսեցիներին ողջունեցին ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը, ամբիոնների վարիչները, դասախոսները:

«Լավագույն մասնագետներ դառնալու համար միայն դասախոսների աշխատանքը բավարար չէ. առաջին հերթին պետք է ինքնակրթվեք, իսկ դրա համար ֆակուլտետում գործում է հարուստ գրադարան»,-ասաց ֆակուլտետի դեկանը:
Ուսանողներին շնորհավորեց նաև հայ գրականության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը՝ հպարտությամբ նշելով, որ այս ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասը հենց այս բուհի շրջանավարտներ են: Նա նաև իր գոհունակությունը հայտնեց ուսանողներին բանասերի մասնագիտությունը ընտրելու առթիվ, քանի որ այս մասնագիտությունը մարդուն դարձնում է հանրագիտակ ու բազմակողմանիորեն զարգացած:
Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանն էլ հիշեցրեց ուսուցիչ մասնագիտության առաքելությունը. «Մանկավարժից է կախված, թե ինչպիսին կլինի մարդկությունը: Եթե կարողանանք բարին ու գեղեցիկը արթնացնել մարդկանց մեջ, չեն լինի մարդկային վատ որակները:
Ոստի, ձեր՝ ապագա մանկավարժներիդ ուսերին մեծ բեռ է դրված»:
6 մասնագիտությունների գծով առաջին կուրսի ևս 171 ուսանողների դիմավորեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
Ներկայացվեց ֆակուլտետի կառուցվածքը, ամբիոնների վարիչներին, որոնք նույնպես ողջունեցին ուսանողներին, ծանոթացրին ուսումնական գործընթացին և իրենց մասնագիտական արվեստանոցներին:
Ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Էլբակյանը վստահեցրեց, որ ֆակուլտետի աշխատակազմը պատրաստ է նորովի ու ավելի արդյունավետ սկսել նոր ուսումնական տարին: