ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տոնական միջոցառումներ` Գիտելիքի օրվա առթիվ
03.09.2012
Մանկավարժական համալսարանում այս տարի նոր ուսումնական տարին մեկնարկեց սեպտեմբերի 3-ին: Օրվան բնորոշ եռուզեռից անմասն չմնալով` համալսարանի 10 ֆակուլտետից յուրաքանչյուրն ընտրել էր իր տարբերակը` ուսանողների օրն ուրախ և հիշարժան դարձնելու համար:
Ֆակուլտետի մասին ֆիլմի ցուցադրություն, շնորհավորանք ու մաղթանքներ. Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետն այպես դիմավորեց առաջին կուրսեցիներին:
«Սա այն կրթօջախն է, ուր տարիներ շարունակ կրթվել է ուսուցիչների մի ստվար բանակ, ովքեր բարձր են պահել մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող մանկավարժական բուհի պատիվը: Համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները ուսումնառությունը հագեցած կազմակերպելու համար: Ցանկանում եմ, որպեսզի դուք լիարժեք օգտագործեք այս տարիները և ունենաք 4-ամյա հաջող ուսումնական գործընթաց»,-իր ողջույնի խոսքում նշեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը:
Հատուկ կրթության ֆակուլտետում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը սկսվեց ՀՀ և Մանկավարժական համալսարանի հիմներով: Նոր փոփոխված ուսումնական պլաններ, 4 կիսամյակ շարունակ որևէ օտար լեզվի խորացված ուսուցում, ֆիզկուլտուրայի դասերի անցկացում լողավազանում. սա նոր ուսումնական տարվա ընթացքում սպասվող ուսումնական ծրագրով նախատեսված նորարարությունների միայն մի մասն է:
Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտություների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը, դիմելով 90-ամյա պատմություն ունեցող բուհի այս տարվա դիմորդներին, խոստացավ`ֆակուլտետը կանի ամեն ինչ արդիական և հեռանկարային մասնագիտություն ընտրած ուսանողներին զինել անհրաժեշտ գիտելիքներով:
Բուհի մասին առավել ամբողջական տեղեկատվություն ապագա հատուկ մանկավարժները ստացան համալսարանի տարեգրության մասին պատմող ֆիլմից:
Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների համար նոր ուսումնական տարին ևս մեկնարկեց երկու օրհներգով: Ուսանողներին շնորհավորանքի խոսքեր ասացին ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկանածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանն իր խոսքի սկզբում շեշտեց` մանկավարժի մասնագիտությունը պահանջում է նվիրում, հումանիզմ, ազնվություն և բարեկրթության անձնական օրինակի դրսևորում:
Շնորհավորելով մանկավարժական համալսարանի ուսանող լինելու առթիվ` դեկանը հույս հայտնեց, որ ուսումնառության չորս տարիները ուսանողները կօգտագործեն երկրի և աշխարհի լավ քաղաքացիներ լինելու համար. դա է պարտադրում մանկավարժի մասնագիտությունը:
Մաթեմատիկական բարդ հաշվարկներն ու բանաձևերը, տիեզերքի, բնության հիմնարար օրենքները,տեղեկատվական տեխնոլոգիաների գաղտնիքները Մանկավարժականի ուսանողները կուսումնասիրեն Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում: Նորաստեղծ ֆակուլտետի դասախոսներն ի սկզբանե տեղեկացնում են` իրենց ֆակուլտետում գերիշխելու է ուսանողակենտրոն ուսուցումը, սպասվում են հագեցած ու լարված ուսումնական 4 տարիներ:
Մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարազդատ Վարդազարյանն ուրախ է այս տարվա դիմորդների աննախադեպ հոսքով:
Ֆիզմաթ գիտությունների թեկնածուն վստահ է` այն կարծրատիպը, որ բնագիտամաթեմատիկական հոսք քչերն են ընտրում, այսօր արդեն արդիական չէ: Դա ևս մեկ անգամ փաստում է` ճշգրիտ գիտություններն ամեն ինչի հիմքն են: