ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը դիմավորեց պատմաբանների, հոգեբանների ու լեզվաբանների նոր սերնդին
03.09.2012
Այս ուսումնական տարում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետն ընդունեց հինգ մասնագիտությունների գծով բակալավրի 1-ին կուրսի 217 ուսանողների:
Վերջիններիս ողջունեցին ֆակուլտետի դեկան հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը և պրոֆեսորադասախոսական կազմը:
Շնորհավորելով բուհ ընդունվելու կապակցությամբ՝ Սրբուհի Գևորգյանն ասաց. «Դառնալով ուսանողներ՝ ևս մեկ քայլով մոտեցել եք ձեր երազանքների իրագործմանը: Ուսանողի կոչմամբ ձեր կյանքի նպատակներն ու նախագծերը կստանան որոշակիություն, կնախանշվի այն ուղին, որով առաջնորդվելու եք հետագայում: Այսօր ժամանակակից աշխարհի մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն գիտելիքով»:
Դեկանը նշեց նաև, որ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը անհատական մոտեցում է ցուցաբերում ուսանողների խնդիրներին, նախասիրություններին, խրախուսում լավագույններին:
«Ուսումնառության 4 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն օգնելու են ձեզ ճիշտ հաղորդակցվել և հեշտությամբ հարմարվել սոցիալական միջավայրում, իրացնել ընդունակությունները, ակտիվորեն ինտեգրվել հասարակական հարաբերություններին: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները կյանք են մտնում զինված, այն էլ հզորագույն զենքով` «հոգեբանական զենքով»»,-ավելացրեց Սրբուհի Գևորգյանը:
ՙԸնդունվելով Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ` դուք ապագային ուղղված լուրջ ներդրում եք կատարել ձեր կյանքում, ապացուցել եք ձեզ, ձեր ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին, որ իրականում խելացի, նպատակաուղղված և տաղանդավոր եք: Ձեր ձեռքերում է նաև հնարավորությունն ապացուցելու, որ այդ հաջողությունը պատահականություն չի լինի, ձեր ապագա ուսումնառությամբ ցույց տալու, որ դուք իսկապես արժանի եք լինելու մեր համալասարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողը:
Յուրաքանչյուր մարդու կյանքում հանդիպում են լարված, անորոշ, հուզականորեն հագեցած, ճգնաժամային իրադրություններ, որոնք հանգեցնում են բացասական հոգեվիճակների, առաջացնում են սթրեսներ: Ով է այդ դեպքերում մանագիտական օգնություն ցուցաբերում: Բնականաբար` հոգեբանը: Այդ իսկ պատճառով էլ ձեր ընտրած մասնագիտության պահանջարկը միշտ եղել է, կա և հետագայում կաճի: Շատ հաճելի է, որ տարեց տարի մեծանում է մեր դիմորդների թիվը: Մեր շրջանավարտներին ձեռք բերած գիտելիքներն օգնում են ճիշտ հաղորդակցվել՚,-ծանոթացնելով առաջին կուրսեցիներին իրենց մասնագիտության հետ ասաց Սրբուհի Գեւորգյանը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետն այս տարի կունենա 99 առաջին կուրսեցի:
Դիմելով նրանց` ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդիկ Գևորգյանն ասաց. ՙԵս հպարտությամբ եմ նշում, որ դուք ընդունվել եք հանրապետության լավագույն բուհերից մեկի լավագույն ֆակուլտետը: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները բազմակողմանի գիտելիքներ ստանալու համար: Դա երկկողմանի գործընթաց է լինելու, ուսանող-դասախոս փոխհարաբերություններում պետք է տիրի և բարեկամությունը և խստապահանջությունը, իսկ ամենակարևորը` ուսանողների պարտականությունների կատարումը: Մենք լավատես ենք, մեր ուսանողները երբեք մեզ հուսախաբ չեն արել, և մենք վստահ ենք` համագործացությունը լինելու է արդյունավետ՚:
Պատմաբանը ուսանողներին խոստացավ քայլել պատմության քառուղիներով, զինվել համապարփակ գիտելիքներով և կարճ ժամանակ անց նրանք կծառայեն Հայաստանի Հանրապետությանը, մատաղ սերնդին, հանրակրթությանը:
Այնուհետև դեկանը և ամբիոնների վարիչները հանդիպեցին ապագա իրավագետ մանակավարժներին և հորդորեցին լավ կատարել պարտականությունները, որպեսզի կարողանան արժանապատվորեն օգտվել իրավունքներից:
Օտար լեզունների ֆակուլտետն այս տարի ևս ուսանողների պակաս չի ունեցել.շուրջ 125 ուսանող հենց մանկավարժականում կտիրապետի օտար լեզվի դասավանդման առանձնահատկություններին:
Ուսանողները հենց առաջին օրը ծանոթացան իրենց իրավունքներին ու պարտականություններին, ապա առանձին խմբերով սկսեցին առաջին դասը: