ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի նոր համարում
05.09.2012
Օրերս լույս է տեսել «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի հերթական համարը:
«Տնտեսական զարգացումներ և կրթության մենեջմենթ», «Ուսուցման և դասավանդման մեթոդիկա», «Զարգացման և կիրառական հոգեբանություն», «Լեզվի և մշակույթի պատմություն և տեսություն» և «Գիտնականի մտորումներ» խորագրերը կրող ենթաբաժիններից ընթերցողը կարող է ծանոթանալ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրներին:
Հանդեսում տեղ են գտել մի շարք անվանի գիտնականների հոդվածներ, որոնց հետ համագործակցում է համալսարանը:
Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Դ. Ուզնաձեի հոգեբանության ինստիտուտի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռամազ Սակվարելիձեն և Թբիլիսիի բժշկակական պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրակլի Իմեդաձեն իրենց հոդվածներում անդրադարձել են տրանսֆորմացիոն հասարակության մեջ մարդկային վարքագծի հոգեբանական հիմնախնդիրներին:
Գիտական հանդեսում տեղ են գտել նաև Հյուսիսային Տեխասի համալսարանի դասախոսներ Ամանդա Շառլոտ Բեսների, Էմի Սի. Հորի, Դոմինինկ Ռանդալի հոդվածները, որոնցում ներկայացված են աուտիզմով հիվանդ երեխաների և նրանց ընտանիքների համար կազմակերպվող պարապմունքների ընթացքում ուսումնական միավորների կիրառման և հասարակության հետ նրանց շփումը մեծացնելու կարևորությունը:
Պարբերականում զետեղված են նաև հայ գիտնականների գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ:
Հանդեսը նախատեսված է ոչ միայն մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների, այլև մանկավարժական և հոգեբանական գիտությունների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար: Այն օժանդակում է մանկավարժության և հոգեբանության բնագավառներին առնչվող խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը, Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանն ու առաջընթացին:
Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը: