Հինգերորդ անգամ Ծաղկաձորում կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը, որին մասնակցեցին Սփյուռքի

19 երկրների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՀՀ կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչ:
Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման ու զարգացման, կրթադաստիարակչական հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով խորհրդաժողովի 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում բազմաբնույթ հիմնախնդիրների շուրջ իրականացվեցին համատեղ քննարկումներ, ներկայացվեցին կառուցողական առաջարկություններ:
Խորհրդաժողովում քննարկվեցին նաև մանկավարժական կրթության, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի, հեռավար կրթության կազմակերպման, հատուկ մանկավարժական մամուլի հրատարակման հարցեր:
Չորսօրյա խորհրդաժողովում քննարկվող բազմաթիվ հիմնախնդիրներ մեկնաբանեցին ինչպես հայրենի, այնպես էլ Սփյուռքում ճանաչված մասնագետները:
Լիագումար նիստին իբրև զեկուցող հրավիրված էր նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Վերջինս Լիագումար նիստի ժամանակ ներկայացրեց համալսարանի մասնագիտություններն ու մանկավարժական կրթության հեռանկարները, ինչպես նաև սփյուռքահայ ուսուցիչների պատրաստման ուղղությամբ մանկավարժական համալսարանում տարվող աշխատանքները:

Համալսարանի ռեկտորը վստահեցրեց` բուհում սովորող սփյուռքահայ ուսուցիչների համար ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք մասնագետ դառնալու և ուսումն աշխատանքին զուգորդելու համար:
Համաժողովի մասնակիցները համալսարանի ռեկտորին ուղղեցին մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման հետ կապված բազմաբնույթ հարցեր: Սփյուռքահայ ուսուցիչներին և կրթության պատասխանատուներին մտահոգում էին մասնավորապես մանկավարժական բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված սփյուռքահայերի դժվարությունները` պայմանավորված տարածաշրջանների առանձնահատկութ-յուններով:
Ի դեպ, ինչպես ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման դասընթացներին, այնպես էլ վեցերորդ համահայկական կրթական համաժողովին ակտիվորեն մասնակցեցին նաև մանկավարժականի մի շարք դասախոսներ:
Այդ առթիվ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին խորհրդաժողովի բովանդակային աշխատանքին աջակցելու համար:
ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարությունն ու մանկավարժական համալսարանի համագործակցությունը հետագայում կընդլայնվի` ի նպաստ կրթական գործի բարելավման և հայապահպանության նպատակներին: