ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լոնդոնյան տպավորություններ
07.09.2012

Մանկավարժական համալսարանում արդեն ավանդույթ է դարձել խրախուսել բարձր առաջադիմություն և համալսարանական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին:

2011 թվականին լավագույն ուսանող ճանաչվեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սառա Վանյանը: Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը վերջինիս ընձեռեց Լոնդոն մեկնելու եւ երկշաբաթյա ուսումնական ծրագրի մասնակցելու հնարավորություն:

«Վայրէջքից մեկ ժամ անց եղա Ռիջենթքոլեջում (Regentscollege), ուր մասնակցեցի երկշաբաթյա անգլերեն լեզվի դասընթացների:

Այն գտնվում է Ռիջենթ այգում (Regentpark), որը համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ թագավորական այգին և տեղակայված է ուղիղ Լոնդոնի սրտում: Քոլեջում ուսանում են 3000 ուսանող՝ 80 երկրներից: Լուռ, հանգիստ և ապահով մթնոլորտը խթան էր` արդյունավետ կրթվելու, գեղեցիկ և օգտակար ժամանցի համար»,-ասում է Սառան:

Վերջինիս համար հատկապես տպավորիչ է անգլիացի մասնագետների աշխատաոճն ու ընտրված մեթոդները:

Դասընթացի շրջանակում Սառա Վանյանն անդրադարձել է աշխարհի ծնողազուրկ երեխաների խնդրին, դրա արդիականությանը, վիճակագրությանն ու ՙցավոտ՚ կողմերին. թեման հուզել ու հետաքրքրել է շատերին:

«Ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա մի պահ ինձ զգալ զբոսաշրջիկ. եղա Մեծ Բրիտանիայի պատմամշակութային վայրերից մի քանիսում` Օքսֆորդում, հնամյա եկեղեցիներում:

Լոնդոնյան հրաշագեղ կառույցների հզորության ուժը փոխանցվում էր յուրաքանչյուր այցելուի: Գրականության մեջ նկարագրված հնաոճ փողոցների տեսքը լոնդոնյան շունչ էին տալիս մտքերին: Քաղաքի ամեն մի մասնիկը կարծես հատուկ մշակված լիներ` յուրաքանչյուրին գեղագիտական հաճույք պարգևելու համար»,-պատմում է Սառան:

Դասընթացի ավարտին մանկավարժականի լավագույն ուսանողին շնորհվել է հավաստագիր` երկշաբաթյա դասընթացին մասնակցելու համար: