ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանձնարարականներ դեկանների տեղակալներին և ամբիոնների վարիչներին
10.09.2012
Այսօր կայացավ ՀՊՄՀ գիտության և հետբուհական կրթության աշխատանքների գծով պրոռեկտորին առընթեր աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին բուհի 10 ֆակուլտետների դեկանների տեղակալներն ու ամբիոնների վարիչները:
Խորհրդակցությանը ներկա էր նաև բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս իր խոսքում կարևորեց հատկապես դեկանների տեղակալների աշխատանքը ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված պրոֆեսորադասախոսական կազմի, երիտասարդ գիտաշխատողների, հայցորդների, ասպիրանտների, մագիստրոսների դեկտեմբերի 12-ին նախատեսված կոնֆերանսի կազմակերպչական հարցերում:
«Որպեսզի Մանկավարժական համալսարանն ունենա նկատելի առաջընթաց և բարձր վարկանիշ, առաջին հերթին այն պետք է դառնա գիտամեթոդական կենտրոն»,-ասաց Ռուբեն Միրզախանյանը: Ռեկտորը ընդգծեց նաև, որ բուհում շարունակվում են ինտեգրացիոն գործընթացները. ստորագրվում են համաձայնագրեր Մոսկվայի, Օուլուի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Թիֆլիսի առաջատար համալսարանների հետ, որով նախատեսվում են մանկավարժական համալսարանի գիտական աշխատողների, ասպիրանտների եւ հայցորդների գիտական հոդվածների տպագրում վերանշյալ համալսարանների հեղինակավոր պարբերականներում:
Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցի՝ համալսարանի ամբիոնների գիտական ուղղվածությունների վերաբերյալ զեկուցեց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը:
Վերջինս ծանոթացրեց նաև ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված կոնֆերանսի կազմկոմիտեին, աջակցող խմբին, ներկայացվող թեմաների պահանջներին և ընթացիկ այլ հարցերի:
Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՊՄՀ ասպիրանտների և հայցորդների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարց, որի շուրջ զեկուցեց Ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սիմա Վարդանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, իսկ ավարտին՝ գիտության և հետբուհական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը հանձնարարականներ տվեց համապատասխան ֆակուլտետների դեկանների տեղակալներին և ամբիոնների վարիչներին: