ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասերը վարժարանում սկսվել են
13.09.2012
ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց-վարժարանի ուսումնական պարապմունքները հունվարից անցկացվում են նոր մասնաշենքում` Վ.Թոթովենցի անվան համար 57 հիմնական դպրոցում, որը ՀՀ կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ տրվել էր մանկավարժական համալսարանին:
Սեպտեմբերի 3-ից այստեղ նույնպես ուսումնական տարին լիարժեք մտել է իր իրավունքների մեջ:
Վարժարանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մեծ թվով դիմորդներ է ունեցել: Մրցույթի արդյունքներով վարժարանում ձևավորվել են` բնագիտամաթեմատիկական, մշակութային /նկարչություն-դիզայն, ռեժիսուրա/, հումանիտար /հոգեբանություն, լրագրություն/ հոսքերի 10-րդ դասարանները:
ՙՎարժարանի բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքերն անցած ուսումնական տարվա ընթացքում ունեցել են 51 շրջանավարտ, որոնցից մեծ մասն այսօր արդեն մեր համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներ են՚,-ասաց հենակետային ավագ դպրոց- վարժարանի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանը:
Նրա հավաստմամբ, 2012-2013 ուստարում հենակետային ավագ դպրոց-վարժարանի հիմնական դպրոցում կուսանեն 100, և հենակետային վարժարանի 400 աշակերտներ:
Մասնաշենքում 2-րդ հերթում իր պարապմունքներն այս տարվանից կանցկացնի նաև ՙԱկսել Բակունցի անվան քոլեջ՚ ստորաբաժանման 250 ուսանող:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջը լուծարվել էր և միացել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին: