ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուհի պատմությունն ու տարեգրությունը` եռալեզու ալբոմում
13.09.2012
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի շրջանակում շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ, գիտական կոնֆերանսներ:
Այդ առթիվ գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը տեղեկացրեց, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով առաջիկայում նախատեսվում է հրատարակել համալսարանի պատկերազարդ ալբոմը:
Եռալեզու` հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով ալբոմը նպատակ ունի համալսարանի մանկավարժական ժառանգությունը դարձնել սերունդների սեփականությունը, ներկայացնել բուհի պատմության բոլոր շրջանները` հիմնադրումը, զարգացման փուլերը, անցած ճանապարհը, ներկան և հեռապատկերը:
Ալբոմը կներառի հայ գրի ստեղծումը, միջնադարյան Հայաստանում նշանավորդպրոցների և վանական համալսարանների կազմակերպումը, Մանկավարժական համալսարանի հիմնադրումը, բուհի առաջին տարիները, ինչպես նաև համալսարանի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան հերոսամարտին:
«Ալբոմը սկսել ենք գրերի գյուտից, քանի որ այն մեր ժողովրդի համար ամենակարևոր պատմական անցքերից է. դրանից է սկիզբ առել մանկավարժությունը: Պատմական այդ կարևոր իրողությունն աննկատ չէր կարող մնալ մանկավարժական բուհի կողմից: Ալբոմը բավականին պատկերազարդ է, այն ամբողջությամբ պատրաստ կլինի համալսարանի 90-ամյակին նվիրված մեծ միջոցառման ժամանակ»,-նշեց Արա Երեմյանը:
Ընթերցողը ալբոմի միջոցով հնարավորություն կունենա ծանոթանալ նաև Մանկավարժական համալսարանի գործունեությանը `սկսած 1990 թվականիցմինչև մեր օրերը: