ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի շրջանավարտը՝ Բուրգունդիայի համալսարանի ասպիրանտ
14.09.2012
Մարիամ Գևորգյանը Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկայի բաժնի 2012 թվականի շրջանավարտ է, իսկ ներկայումս՝ ասպիրանտ:
Ուսումնառության 6 տարիների ընթացքում առաջնորդվել է հայտնի ֆիզիկոս Ա.Էյնշտեյնի՝ «Երբեք մի հրաժարվեք նրանից, ինչին ձգտում եք, նույնիսկ երբ ասում են, թե դա անհնարին է:Ավելին, դա նույնիսկ կարող է խթանիչ ուժ հանդիսանալ` հակառակն ապացուցելու համար» խոսքերով և ձգտել ուսումը շարունակել նաև եվրոպական լավագույն համալսարաններից մեկում:
Հանձնելով մասնագիտական քննություններ՝ իրականացրեց վաղեմի երազանքը. նաձեռք է բերել Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն:
Ժամանակակից ֆիզիկայի արդիական թեմաներից մեկը՝ «Սառն ատոմական ասոցիացիան այլասերված քվանտային գազերում STIRAP-ի միջոցով», Մարիամը կզարգացնի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի և Բուրգունդիայի համալսարանի պրոֆեսոր Հանս Ժոսլանի համաղեկավարությամբ:
«Այս ծրագիրն ինձ հնարավորություն կտա զարգացնել իմ գիտական գործունեությունը, ներկա գտնվել ճանաչված պրոֆեսորների դասախոսություններին, ինչպես նաև լինել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, ծանոթանալ նրանց մշակույթին և սովորություններին»,-նշեց Մարիամ Գևորգյանը:
Նա հպարտ է, որ ՀՊՄՀ ուսանողն է եղել. մասնագիտական ճանապարհին իրեն ուղղորդել են համալսարանի դասախոսները, հատկապես՝ ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Դեմիրխանյանն ու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը:
Ի դեպ, վերջինս դասախոսություններ է կարդում նաև անգլիական և եվրոպական համալսարաններում:
Մարիամ Գևորգյանը վստահեցրեց, որ մեծ սիրով կհամաձայնի հետագայում իր գիտելիքները փոխանցել հարազատ բուհի՝ Մանկավարժական համալսարանի գալիք սերունդներին: