Սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի ունեցավ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով:
.jpg)
«Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Ներկայացնելով Մովսես Սիլիկյանի անցած ուղին, պաշտպանության նախարարն ընդգծեց.«Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը թանկ անուն է ոչ միայն որպես Սարդարապատի ճակատամարտի հրամանատար, այլև որպես օրինակելի հրամանատարի կերպար»:
Նախարարի խոսքով` Մովսես Սիլիկյանն այն տոհմիկ զինվորականների շառավիղներից է, որ երբեք չկտրվեց հայ իրականությունից, պահպանեց իր հայեցի կերպարը, տեսավ իր ժողովրդի տառապանքներն ու միշտ հաղորդակից եղավ նրա ձգտումներին: Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից ծայրահեղ բարդ իրավիճակում այդ զորավարն ընդունեց միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված և, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում. ոտքի հանել զորքը և բոլոր նրանց, ովքեր ունակ էին զենք կրելու՝ հայոց բազմադարյան պետականությունը թուրքերի բարբարոս ներխուժումից պաշտպանելու համար:
Գիտաժողովին մասնակցում էին նաև Մանկավարժական համալսարանի ուսանողները, ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտներ Սամվել Պողոսյանը, Ավետիս Հարությունյանը, Արմեն Ասրյանը, Խաչիկ Ստեփանյանը, դասախոսներ Արմեն Աբգարյանը, Արմինե Եփրիկյանը, պատմագիտության թեկնածուներ Մարիամ Եղյանը, Վահե Թորոսյանը, Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Հայկ Գրիգորյանը:
Ելույթներով և դասախոսություններով հանդես եկան մի շարք ճանաչված պատմաբաններ` Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Վերջիններս առավել մանրամասն ներկայացրին գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի տոհմի պատմությունը, ինչպես նաև ռազմական գործչի կյանքի հերոսական դրվագները:
Ի դեպ, զորավարի ծննդյան 150- ամյակի շրջանակներում իրականացվում է Մովսես Սիլիկյանին նվիրված միջոցառումների ընդգրկուն ծրագիր, որը կշարունակվի նաև առաջիկա շաբաթներին: