Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվեց Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի ուսանողների

նկարների ցուցահանդեսը:
«Աշնանային գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Նաիրի Բալաբեկյանը, Մարզպետունի Խուդավերդյանը, Նունե Մանուկյանը, Անահիտ Վիրաբյանը, Շուշաննա Քոչարյանն ու Լուսինե Ներսիսյանը:
Ցուցադրությանը ներկա էին Մանկավարժական համալսարանի ուսանողները, դասախոսները, արվեստասեր մարդիկ:
Ցուցահադեսի բացման խոսքով հանդես եկավ տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լիլիթ Հակոբյանը: Վերջինս շնորհավորեց ուսանողներին և իր ուրախությունը հայտնեց համագործակցության և ուսանողներին թանգարանում հյուրընկալելու համար:
Նա կոչ արեց ուսանողներին ընթերցել Չարենցի ստեղծագործությունները, ստեղծագործել չարենցյան պոեզիայի թեմատիկայով և մի ցուցահանդես կազմակերպել նրա ծննդյան 115 և ստեղծագործական կյանքի 100 ամյակների առթիվ:

Ուսանողներին ողջունեց ցուցադրության ղեկավար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մերի Երզնկյանը. «Արդեն 6-րդ տարին է՝ մեր բուհի ուսանողներն այստեղ ունենում են խմբակային կամ անհատական ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ արտահայտվում է նրանց տաղանդը, մտածելակերպը, ընկալումները ժանրային արտահայտչական ձևերում»:
Դասախոսը նշեց նաև, որ ներկայացված նկարները որակական առումով ոչ միայն չեն զիջում, այլև լրացնում են իրար՝ դարձնելով ցուցադրությունն ավելի համապարփակ:
Համակուրսեցի Դավիթ Շահվերդյանն էլ նկարչի խստապահանջությամբ ընդգծեց նկարների տեխնիկական թերությունները, բայցև ավելացրեց, որ սրահ մտնելուց անմիջապես հետո զգացել է աշնան շունչը. «Երկար փնտրտուքների և աշխատանքների շնորհիվ ընկերներս կարողացել են հասնել այնպիսի արդյունքի, որ դիտողին հուշեն աշնան գալստյան, բնության փոփոխության մասին»:
Նկարների բոլոր հեղինակների անունից ներկաներին շնորհակալություն հայտնեց Նաիրի Բալաբեկյանը. «Մեզ համար մեծ պատիվ է այս սուրբ պատերի ներսում ցուցադրել մեր աշխատանքները, ստանալ արժանի գնահատականներ, որոնք ուղեկցելու են մեզ հետագա ստեղծագարծական կյանքում»:
Ցուցադրության ավարտին ուսանողների կատարմամբ հնչեցին Եղիշե Չարենցի ստեղծագործություններից մի քանիսը:
Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը: