Մանկավարժական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը:

Նախքան օրակարգին անցնելը, համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին:
Բուհի որակի ներքին ապահովման քաղաքականության հայեցակարգի, մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկման և վերանայման ընթացակարգին գիտական խորհրդի անդամներին ծանոթացրեց Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանը:
Վերջինս նշեց, որ կրթության որակը ՀՊՄՀ-ի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես գիտելիքահենք հասարակության ստեղծման և որակյալ կրթական ծառայությունների տրամադրման ռազմավարական նպատակ, այլև ներքին և արտաքին ազդակների, մրցակցային դաշտի պայմաններում ռազմավարական միջոց` Համալսարանի գործունեությունը միջազգային ասպարեզում զարգացնելու և ՀՊՄՀ-ի գրավչությունը բարձրացնելու համար:
«Տնտեսության ու հանրության պահանջների փոփոխություններով պայմանավորված` ՀՊՄՀ-ն կարևորում է այնպիսի կրթական ծրագրերի և կրթական ծառայությունների ստեղծումն ու տրամադրումը, որոնք ձևավորված են բավարարելու միջազգային, ազգային և հանրային կարիքները ՀՀ-ում և միջազգային մակարդակներում»,-իր զեկույցում նշեց Մկրտիչ Ավագյանը:

Կրթության զարգացման պատասխանատուն վստահ է` կրթական ծրագրերի մշտադիտարկումն ու վերանայումը կօգնի վեր հանել կրթական ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, պատշաճ ուսումնասիրել կրթական ծրագրերը, դրանց գնահատումը, կիրառած դասավանդման և ուսուցառման մեթոդաբանությունը:
Ներկայացված հայեցակարգն ու ընթացակարգը արժանացավ գիտական խորհրդի անդամների հավանությանը:
«Եվրոպական որակ և համապատասանություն» ծրագրի շրջանակում Մանկավարժական համալսարանի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի միջև համագործակցությանն անդրադարձավ Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
Վերջինս ներկայացրեց բուհերի համատեղ գործնական աշխատանքների ընթացքը, դրանց ուսումնասիրումն ու մշակված առարկայական ծրագրերի ձևաչափերը:
«Այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում ներդնել կրթական գործընթացի կազմակերպման նոր` եվրոպական

մշակույթ, ապահովել ՀՀ մանկավարժական մրցունակությունը եվրոպական մակարդակում, իրականացնել նոր համատեղ գիտահետազոտական ծրագրեր, որոնք ևս կնպաստեն ՀՀ մանկավարժական կրթության բնագավառում գիտահետազոտական աշխատանքերի արդյունքերի տեղական կիրառմանը»,-հավելեց Մհեր Մելիք-Բախշյանը:
Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ընտրվեց միակ թեկնածու, նույն ամբիոնի քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մեժլում Երիցյանը, պրոֆեսորի կոչում ստացան ներկայացված երեք թեկնածուները, ինչպես նաև` հաստատվեցին երկու թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսությունների թեմաներ:
