Ֆին պրոֆեսորները կրկին Մանկավարժականում են: 2011 թվականի օգոստոսից Մանկավարժական համալսարանը համագործակցում է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ:

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Օուլուի համալսարանի ներկայացուցիչներն արդեն երրրոդ անգամ Մանկավարժական համալսարանում են:
Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիայում Մանկավարժական համալսարանի պատվիրակությանը ջերմ ընդունելու համար, ապա հույս հայտնեց, որ համագործակցության առաջիկա օրերը կլինեն արդյունավետ և գործնական:
«Սկանդինավյան երկրները և, մասնավորապես Ֆինլանդիան, ունեն բարձր և առաջընթացային կրթական մակարդակ և համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հաշվի առնելով ձեր համալսարանի փորձը, ուսուցման մեթոդների, ուսումնական ծրագրերի և ուսանողական պրակտիկայի համալիր բարելավումն ու դրանց կատարելագործումը`համոզված եմ` դրանք կտան ցանկալի արդյունք»,-հավելեց Ռուբեն Միրզախանյանը:
Օուլուի համալսարանի պատվիրակները ևս վստահություն հայտնեցին, որ փոխադարձ այցելությունների ու համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մանկավարժական կրթության բարեփոխումներ երկու համալսարաններում էլ:
Օուլուի համալսարանի հետ համագործակցության նպատակն է բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ:
