ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Բանավեճում հաղթում է նա, ով կարողանում է լսել»
24.09.2012
Այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետում բացվեց Բանավեճի ակումբ:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և Երիտասարդական նախաձեռնությունը դեռևս մայիսին հայտարարել էին բանավեճի ակումբի ստեղծման գրանտային ծրագրերի մրցույթ, որին հայտ էին ներկայացրել տարբեր համալսարանների անհատ դասախոսներ:
Մանկավարժական համալսարանից հայտ էր ներկայացրել Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Լիանա Չոբանյանը:
Հայտի քննարկումն անցել է մի քանի փուլերով: Ստանալով նախատեսված դրամաշնորհը՝ ֆակուլտետը նախաձեռնել է ակումբի ստեղծումը:
Ակումբի բացմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և այլ հյուրեր:
Բացման խոսքով հադես եկավ Բանավեճի ակումբի ղեկավար Լիանա Չոբանյանը, որը ներկայացրեց բանավեճի ակումբի ստեղծման նպատակները, խնդիրները, բանավեճի մշակույթի ուսուցման կարևորությունն ու անցկացման ձևաչափերը:
«Ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել պրոֆեսիոնալ և կշռադատված այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարևոր են իրենց կյանքի, ուսման և հասարակության համար: Բանավեճերը նպաստելու են նրանց արագ կոմնորոշվելուն, քննադատական մտածելակերպի, հռետորական խոսքի, հետազոտական և այլ հմտությունների զարգացմանը»,-ասաց Լիանա Չոբանյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ բանավեճի ակումբում իրենք առաջնորդվելու են «Բանավեճում հաղթում է նա, ով կարողանում է լսել» կարգախոսով:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը, շնորհավորելով ակումբի բացման առթիվ, բանավեճի ակումբի ստեղծումը համարեց ֆակուլտետի ևս մեկ ձեռքբերում. «Հուսով եմ, որ այն կնպաստի մեր միջավայրում քննադատական մտածողության և հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը և ակնկալում, որ բանավեճի ակումբին բնորոշ խնդիրներն ու նպատակները կներմուծվեն նաև դասապրոցես»:
Բանավեճի ակումբի բացման առթիվ շնորհավորանքի և ողջույնի խոսքեր ասացին նաև ամբիոնների վարիչներն ու դասախոսները: