Սեպտեմբերի 10-15-ը Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը բուհի ուսումնագիտամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի

գլխավորությամբ մեկնել էր Ֆինլանդիա:
Գործուղման մեկնած Հատուկ կրթության ֆակուլտետի պատվիրակության անդամները Ֆինլանդիայի օրինակով գործընկերներին և ապագա հատուկ մանկավարժներին ծանոթացրին ներառական կրթության միջազգային փորձին և ոլորտի նորույթներին:
«Ներառական կրթության համակարգը Ֆինլանդիայում» թեմայով զեկուցման ընթացքում Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանն անդրադարձավ Օուլուի համալսարանի կառուցվածքին ու այնտեղ գործող ֆակուլտետներին` նշելով, որ բուհի Կրթության Ֆակուլտետն իրականացնում է երկու արտագնա ծրագիր` Նամիբիայի համալսարանում և ՀՊՄՀ-ում:
Արմենուհի Ավագյանը հետաքրքրական համարեց այն, որ կրթությունը Ֆինլանդիայում անվճար է. մասնավոր դպրոցներն այստեղ եզակի են, իսկ մասնավոր համալսարաններ ընդհանարապես չկան:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիթ Սարատիկյանը Օուլույում գործող 9 դպրոցներից մեկի օրինակով ներկայացրեց դպրոցական կրթությունն ու այնտեղ դասավանդելու նախապայմանները:
«Դպրոցն ունի յուրօրինակ <<բջջային>> կառուցվածք. յուրաքանչյուր մաս` բջիջ, ունի իր համապատասխան դասարանները, որոնք հիմականում դռներով միմյանցից առանձնացված չեն: Բացի այդ նորագույն տեխնոլոգիաները` հեռուստահանգույցները, հնարավորություն են տալիս դասին մասնակից դարձնել դպրոցի ողջ աշակերտությանը, եթե դրա անհրաժեշտությունը կա»,-հավելեց Լիլիթ Սարատիկյանը:
Օուլուի բազային դպրոցի, Ֆինլանդիայի ամենամեծ` <<Լուովի>> արհեստագործական քոլեջի, հասարակական կազմակերպությունների գործունեությանն էլ անդրադարձավ Հոգեբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը:

