ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆրանսահայ քիմիկոսը Մանկավարժականում
26.09.2012
Սեպտեմբերի 25-ին և 26-ին Մանկավարժական համալսարանում «Պոլիմերների քիմիա» թեմայով դասախոսություններ կարդաց ֆրանսահայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Սուրեն Շերիկը:
Վերջինս սեփական նախաձեռնությամբ և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրավերով հայալեզու դասախոսություններ է կարդում մի շարք բուհերում:
Դասախոսությանը ներկա էին ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի քիմիա մասնագիտության ուսանողները, դասախոսները և հյուրեր ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿ-ից (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն):
Ներկաներին ողջունեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Սուրեն Շերիկին բուհ այցելելու և դասախոսություն կարդալու համար, ապա ավելացրեց. «Ձեր այցը կարևոր է այնքանով, որ լավ գիտնական լինելուց բացի, դուք նաև անշահախնդիր հայրենասեր եք: Հայն իր հայրենիքում հյուր չէ. մենք ուրախ կլինենք ամեն տարի սպասել ձեր՝ անչափ կարևոր մասնագիտական դասախոսություններին»:
Սուրեն Շերիկը պատվաբեր համարեց Մանկավարժական համալսարանում դասախոսություններ կարդալը և ներկայացրեց հանդիպման ծրագիրը:
Շերիկի երկօրյա դասախոսությունները վերաբերում էին կաուչուկի արտադրությանը և դրա տեխնոլոգիային:
Նա իր զեկուցումը սկսեց կաուչուկի դասակարգմամբ, հանգամանորեն անդրադարձավ բնական կաուչուկի կառուցվածքին, Հեվեա ծառից դրա առանձնացման մեթոդներին և մշակման եղանակներին:
Դասախոսության մյուս մասն էլ նվիրված էր սինթետիկ մոնոմերներին և դրանցից ստացվող պոլիմերներին:
Անդրադառնալով պլաստիկ պոլիմերներից էլաստիկ պոլիմերների ստացման պայմաններին և դրա կարևորությանը՝ Սուրեն Շերիկը ներկայացրեց նաև կաուչուկի վուլկանացման մեթոդներն ու տեխնոլոգիական գործընթացը:
Ներկաների համար Սուրեն Շերիկի դասախոսությունն ունեցավ գիտաճանաչեղական և ոսուցողական նշանակություն: