ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տոնում ենք Լեզուների եվրոպական օրը
26.09.2012
Բանասիրական և Օտար լեզուների ֆակուլտետներն այսօր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրել էին միասին տոնելու Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջֆակուլտետային միջոցառումը:
Այն մեկնարկեց Եվրամիության հիմնով:
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Հայրյանը հանգամանորեն խոսեց լեզուների՝ որպես քերականական միջոցի, կենդանի և մեռած լեզուների մասին: Նա նաև անդրադարձավ հաղորդակցական դաշտում լեզուների զբաղեցրած տեղին և ունեցած նշանակությանը՝ պայմանավորված հասարակական պահանջարկով:
«Կարևոր է ըստ արժանվույն գնահատել այսօրվա խորհուրդը, քանի որ Եվրոմիությունը 2001 թվականից որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որով բոլոր լեզուները հռչակվել են համամարդկային արժեքներ»,-ասաց Կարեն Հայրյանը:
Անդրադառնալով բուհում լեզուների դրվածքին՝ վերջինս հպարտությամբ նշեց, որ Մանկավարժական համալսարանում արդեն խորապես ուսուցանվում են ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենն ու իսպաներենը:
Ապա Հայասատանում Եվրոմիության լեզուների գծով գլխավոր մասնագետ, ՌԴ ակադեմիկոս, մանակավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Օտար լեզուների դասավանդման ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանը հանդես եկավ զեկույով, որում ներկայացրեց Եվրամիության ստեղծման ժամանակաշրջանը, գործունեության նպատակներն ու հիմքերը, կառուցվածքը և ոլորտները:
Ներկաները դիտեցին նաև Եվրախորհրդի մասին պատմող ֆիլմ, որում ներկայացված էին կառույցի գործունեության նպատակներն ու նվաճումները:
Եվրոպական լեզուների օրվա առթիվ ելույթներ ունեցան նաև Բանասիրական և Օտար լեզուների ֆակուլտետների ամբիոնների վարիչները:
Մասնավորապես, Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Ղազարյանը կարևորեց լեզուների իմացությունը հատկապես հասարակական առաջընթացի տեսանկյունից. «Հասարակության զարգացմանը զուգընթաց աճում է բազմալեզու կրթության նշանակությունը: Այն միտված է ստեղծել այնպիսի հասարակություն, որում բոլոր լեզուները արտացոլված են հավասարապես՝ դառնալով ժողովուրդների փոխհարստացման և բարեկամության միջոց»:
Հիշեցնենք, որ լեզուների բազմազանության, աշխարհում լեզուների տարածման նպատակով Եվրախորհուրդն ու Եվրամիությունը 2001 թվականին սեպտեմբերի 26-ը հռչակեցին Լեզուների եվրոպական օր: