Սեպտեմբերի 20-24-ը Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Ներսիսյանը և ֆիզիկա մասնագիտության 2-րդ կուրսի

մագիստրանտ Սանասար Խալաթյանը Սիսիան քաղաքի մոտ գտնվող Քարահունջի հին աստղադիտարանում կատարել են աստղագիտական բնույթի և տեղանքում գտնվող շինությունների հետազոտական աշխատանքներ:
Սեպտեմբերի 23-ին`աշնանային գիշերհավասարի օրը, դիտվել է արևածագը. պարզվել է, որ արեգակի սկավառակը սկսում է երևալ ծագման պահին համար 79 քարի վրա արված անցքից:
Անցքից լուսանկարվել է Արեգակի սկավառակի երևալու ողջ ընթացքը. հնարավոր է, որ տեղաբնակներն այսպես են որոշել աշնան սկիզբը, տարին, ինչն էլ հաստատում է Քարահունջի աստղադիտարան լինելու վարկածը:
«Չափագրվել և լուսանկարվել են տեղաբնակների կացարաններն, առանձին քարերի տեղակայմամբ Արեգակի և Լուսնի որոշման պահերը: Հավաքվել է մշակման համար հսկայական նյութ և արվել են որոշ նախնական եզրահանգումներ»,-նշեց Սերգեյ Ներսիսյանը:
Վերջինս վստահ է` համադրելով վերոնշյալը այլ հնագետ, պատմաբան, ազգագրագետ, աստղագետ հեղինակների աշխատանքների հետ հնարավոր է անել համապարփակ և ընդհանրական եզրահանգումներ:

