Սեպտեմբերի 26-ին և 27-ին համալսարանի գիտական գրադարանի նիստերի դահլիճում Մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայի բաժնի վարիչ Սիմա Վարդանյանը, տեղակալ Լուսինե Ավետիսյանը,գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը, գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական Ջեմա Մինասյանը, մագիստրատուրայի բաժնի վարիչ Լյովա Հարությունյանը համալսարանի գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Արա Երեմյանի ղեկավարությամբ հանդիպեցին համալսարանի ասպիրանտներին և մագիստրոսներին:
Հանդիպման նպատակն էր խրախուսել ուսանողների գիտական գործունեությունը, նախանշել բուհի գիտական առաջնահերթությունը, հստակեցնել ուսանողների անելիքները:
Ասպիրանտների հետ հանդիպման ժամանակ Սիմա Վարդանյանը ասպիրանտներին և նրանց գիտական ղեկավարներին ներկայացրեց «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի պահանջները:
Բուհի ղեկավարությունը կրկին պատրաստակամություն հայտնեց աջակցել ասպիրանտներին նրանց գիտական հետազոտություններում:
Վերջիններս անդրադարձան նաև ամբիոնների աշխատանքին`անհրաժեշտ համարելով ուսանողների հետ փոխադարձ կապը, մագիստրոսական կրթությունը: Ավարտին տրվեցին ցուցումներ, խորհուրդներ սեփական աշխատանքները ավելի բարձր որակով կազմակերպելու համար, եղան ընթացիկ աշխատանքային քննարկումներ, հարց ու պատասխաններ:
Գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, կարևորելով դեկտեմբերի 12-ին բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքները, ներկաների ուշադրությունը հրավիրեց ուսանողների մասնակցության խնդրին: «Գիտական հետազոտությամբ զբաղվող ուսանողների համար սա լավ հնարավորություն է հրատարակելու իրենց գիտական հոդվածները, ցուցաբերելու սեփական նախաձեռնողականություն»,-ասաց նա:
Խորհրդակցությանը ներկա էին նաև բուհի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ Մարիամ Մելքումյանը և Լևոն Նազարյանը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ներգրավվել վերը նշված աշխատանքներում: