ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողովի միակ հայ ներկայացուցիչը Մանկավարժականից էր
28.09.2012
Երիտասարդ գիտնական, պատմական գիտությունների թեկնածու, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սամվել Պողոսյանը Լեհաստանի Գդանսկ քաղաքում սեպտեմբերի 20-21-ը մասնակցել է «Համերաշխություն, ինքնություն, հիշողություն» թեմայով գիտաժողովին:
Գիտաժողովին մասնակցել է ավելի քան 120 հոգի` բոլոր աշխարհամասերից:
Հայաստանի միակ ներկայացուցիչը պատմության մասնաճյուղում ներկայացրել է «ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների համագործակցությունը և կամավորական շարժումը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» թեմայով զեկույցը:
Թեմայի շրջանակում անդրադարձ է եղել ամերիկահայ 7 կազմակերպություններին, որոնք պառակտված էին և միավորվեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միայն, երբ անհրաժեշտություն կար ստեղծել կամավորական շարժում:
«Զուգահեռներ տանելով այսօրվա հետ`փորձեցի վեր հանել ներհամայնքային համագործակցության խնդիրները, և թե ինչպես են հայերը կարողանում համագործակցել և համախմբվել ազգային խնդիրների շուրջ: Թեման հետաքրքրեց շատերին. ծավալվեց բուռն քննարկում»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Պողոսյանը:
Գիտաժողովում արծարծվել է նաև հայոց ցեղասպանության հարցը: Մասնակից թուրք ներկայացուցիչներն ամեն ինչ արել են պատմությունը կեղծելու, անցյալը մոռացության տալու համար: Հայ ու մասնակից այլազգի պատմաբանների միջամտությամբ այդ փորձերը կանխվել են:
Հայաստանի ներկայացուցչին` Սամվել Պողոսյանին, ֆինանսական միջոցներ են տրամադրել ՀՀ նախագահի` երիտասարդ գիտնականներին հատկացրած դրամաշնորհից և համալսարանից:
«Մասնակցությունը գիտաժողովին հնարավորություն տվեց հասկանալ, որ մենք եւս կազմակերպչական առումով չենք զիջում լեհերին: Դրա վառ ապացույցը անցյալ տարի երիտասարդ պատմաբանների նախաձեռնող խմբի հետ կազմակերպած «Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովն էր»,-հավելեց պատմաբանը:
Նշենք, որ Գդանսկի և Պարանայի պետական համալսարանների կազմակերպած «Համերաշխություն, ինքնություն, հիշողություն» թեմայով գիտաժողովը նվիրված էր 1982 թվականին Լեհաստանում տեղի ունեցած համերաշխության շարժմանը: