Բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, գեղանկարիչ Զախար Խաչատրյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներով:
Գեղանկարիչ Զախար Խաչատրյանը 1951-1956 թվականներին սովորել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ աշակերտելով աշխարհահռչակ Բորիս Իոգանսոնին, Ալեքսանդր Գերասիմովին, Զայցևին և այլոց:
Վարպետն իր բազմաթիվ կտավներում համադրել է հայկական ազգային մշակույթի ավանդույթներն ու եվրոպական դպրոցների

նոր միտումները:
1970-ից սկսած Զախար Խաչատրյանը դասախոսել է Մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժնում, իսկ 1981-1992 թվականներին պաշտոնավարել որպես ամբիոնի վարիչ:
Բուհի ղեկավարության հրավերով տաղանդաշատ վարպետը կրկին Մանկավարժականում է. 2012-2013 ուսումնական տարում մեկ կիսամյակ Զախար Խաչատրյանը կդասավանդի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում՝ իր բազմամյա փորձը փոխանցելով ապագա նկարիչ-մանկավարժներին:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ից մինչեւ 30-ը Ազգային պատկերասրահում ցուցադրված էին վարպետի տարբեր տարիներին արված գործերը, մեծածավալ կտավները: Նրա անհատական ցուցահանդեսը նվիրված էր Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: