ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Փորձի փոխանակում` ՀՊՄՀ-Օուլու համագործակցության շրջանակում
02.10.2012

Ֆին պրոֆեսորների այցը Մանկավարժական համալսարան դեռ շարունակվում է:

Աշխատանքային այցի ընթացքում ֆինական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել բակալավրի և մագիստրոսական առարկայական ծրագրերի մշակման, ուսանողական պրակտիկայի աջակցության, ուսանողական ծառայությունների, կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն, վերապատրաստողների վերապատրաստման և որակի ապահովման խմբերի հետ:

Խմբերից յուրաքանչյուրն անդրադարձել է իր ոլորտի խնդիրներին և աշխատանքների ընթացքին:

Առարկայական ծրագրերի խումբը ֆին գործընկերների հետ քննարկել է կրթական ծրագրերի` բակալավրի և մագիստրոսական դիսկրիպտորների եվրոպականացումը, մագիստրոսական առարկաների ձևանմուշի և դրա լրացման առանձնահատկությունները:

Կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն խումբը քարտեզագրման միջոցով փորձել է հասկանալ ուսումնական, հետազոտական, ֆինանսական ոլորտներում թափանցիկ աշխատելու գրավականը:

Ֆինական պատվիրակությունը ծանոթացել է նաև համալսարանի` 2011-2015թթ. ժամանակահատվածի գործունեությանն ուղղված ռազամավարության վերանայված ծրագրին, որում ամփոփված են եղել բուհի զարգացման հիմնական նպատակները, հիմնախնդիրները, ժամանակի մարտահրավերները, ռազմավարության հիմնական ուղղությունները, ակնկալվող արդյունքները, առաջընթացի գնահատման ցուցանիշները:

«Ռազմավարական ծրագրում տրված են համալսարանի առաքելությունը, հեռապատկերը, ինչպես նաև նախորդ տարիների ձեռքբերումները, կրթական բարեփոխումները, ներդրված կրեդիտային համակարգի բարելավման ուղիները, ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող ձեռքբերումները կրթության և գիտության ոլորտում»,-իր ելույթում նշեց ՀՊՄՀ Ռազմավարական կառավարման վարչության պետ Ռիտա Գևորգյանը:

Ներկաները ծանոթացել են նաև ռազմավարական նպատակների իրականացման պլան- ժամանակացույցին, գործողությունների իրականացման տրամաբանական մատրիցին և այն հիմնական աշխատանքներին, որոնք ուղղված էին ֆակուլտետների ռազմավարության մշակմանը:

«Համալսարանի ռազմավարական պլանը իր կառուցվածքային և բովանդակային առումով համապատասխանում է միջազգայինչափորոշիչներին և նշված ուղենիշների հաջող իրականացման արդյունքում կստեղծվեն բոլոր նախադրյալները միջազգային հավատարմագրման գործընթացի համար»,-նշեցին ֆին փորձագետները:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել նաև մանկավարժական համալսարանի որակի ապահովմանը:

Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը քարտեզագրման միջոցով ներկայացրել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Մանկավարժական համալսարանի որակի ապահովման չափորոշիչներն ու ուղենիշերը:

Որակի ապահովման քաղաքականությունն ու հայեցակարգն արժանացել է եվրոպացի փորձագետների հավանությանը:

«Կրթական գործունեության բնագավառում աշխարհն այսօր առաջնորդվում է համաեվրոպական չափորոշիչներով: Մեր բուհում գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է կրթության որակի զարգացման և ապահովման քաղաքականությամբ: Ներկայացնելով մեր անելիքները` ֆիների համար առավել հասկանալի և գործնական դարձան բուհում ընթացող բարփոխումները»,-նշեց Քրիստինա Ծատուրյանը :

ֆինական պատվիրակության ներկայացուցիչ Եվա-Մարիա Ռաուդասոյան ներկայացրեց Օուլուի համալսարանի կանոնակարգերն ու նորմատիվ փաստաթղթերը, որոնցով բուհն առաջնորդվում է թե´ ռազմավարության, թե´որակի տեսանկյուններից:

Հայաստան այցելության ընթացքում ֆին ներկայացուցիչները մանկավարժականի իրենց գործընկերների հետ եղել են նաև մեր երկրի պատմական վայրերում, ծանոթացել հայկական մշակույթի ողջ կոլորիտին: