ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրադարանավարների միջազգային ֆորում Աստանայում
03.10.2012
Սեպտեմբերի 26-28-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ գրադարանավարների միջազգային ֆորում, որում «Գրադարանային-տեղեկավական բարձրագույն կրթությունը Հայաստանում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել նաևՀՊՄՀ գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը:
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրներում, ներառյալ Հայաստանում, իրականացվող գրադարանային-տեղեկատվական բարձրագույն կրթության բովանդակային կառուցվածքը (բացառությամբ ազգային-պետական որոշ առանձնահատկություններից) ոչ միայն իրար նման չեն, այլև` իրար նման են կուտակված նոր ու բազմաթիվ հիմնախնդիրներով:
Ֆորումի գլխավոր նպատակն էր արդի գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության և փաստաթղթագիտության տեսանկյուններից խթանել գրադարանային-տեղեկատվական (մատենագիտական) համակարգերի ու նրանց գործունեության կատարելագործմանը, նպաստել ԱՊՀ երկրների միջև համագործակցության խորացմանը, ուսումնական և գիտական կապերի փոխզարգացմանը:
Ֆորումում առաջ քաշված հիմնախնդիրներից են. ԱՊՀ երկրների միջև ստեղծել գրադարանային-տեղեկատվական աղբյուրների միասնական (գլոբալ) համակարգ: Մեթոդաբանական նոր մոտեցումներով լուծել տեղեկատվական տեխնոլոգիաներից կախում ունեցած անհատի հումանիտարացման խնդիրը, որովհետև առանց հումանիտար գիտելիքների ձեռքբերման անիմաստ է խոսել ընդհանուր քաղաքակրթության և անձի ինտելեկտուալ զարգացման մասին:
Հաշվի առնելով ժամանակակից գիտության, կրթության և պրակտիկայի զարգացման միտումները` ուշադրություն դարձնել գրադարանային-տեղեկատվական բարձրագույն կրթության փոխզարգացմանը ԱՊՀ տարածքում: Հասարակական հաղորդակցության, անհատի համակողմանի զարգացման և տեղեկատվության ազատ շրջանառություն (ներառյալ գրադարաններում անվճար ծառայություններ) իրականացնելու համար նպաստել պատմական և ազգային հիշողության պահպանմանը:
Նոր դարաշրջանի գլոբալ հարցերից մեկն էլ գրքային (փաստաթղթային) ռեսուրսների և սոցիալական անվտանգության ապահովումն է, մշակութային ժառանգության և հեղինակային իրավունքի պահպանումը, տեղեկատվական և տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարելը, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, ներառյալ՝ հայկական սփյուռքում: Այս գործում կարևոր դեր ունեն նաև գրադարանային-տեղեկատվական կենտրոնները:
Եվ որպեսզի Հայաստանի, ԱՊՀ երկրների և հայկական սփյուռքի միջև ստեղծվի տեղեկատվական ճկուն միջավայր, անհրաժեշտ է հաղորդակցության և գրահրատարակչության զարգացում, գրադարանային ֆոնդերի շարունակական համալրում, տեղեկատվական ռեսուրսների լայն սպասարկում` անկախ նրանց գտնվելու վայրից և մեթոդական ձևերից:
Չշրջանցելով ավանդական և էլեկտրոնային («թվային») գրադարանների շուրջ ստեղծված հակադրությունը, ֆորումում նշվեց, որ վերջինիս զարգացումը չի նշանակում կուրացնել մարդու տեսողությունն ու շփումը գրքի և ավանդական գրադարանի հանդեպ: Սակայն պետք է նաև նշել, որ քննարկման ընթացքում` տեղեկատվական հասարակարգում «էլեկտրոնային կառավարության» ձևավորման, համաշխարհային մասշտաբով տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարելու և հեղինակային իրավունքը պահպանելու հարցերը չստացան հիմնարար պատասխաններ:
Ելնելով հարցերի կարևորությունից՝ անհրաժեշտ է նշել, որ XXI դարի գլոբալ տեղեկատվական համակարգերի զարգացումների պայմաններում մարդկության գլխավոր խնդիրը քաղաքակրթությունների պահպանման խնդիրն է և մշակութային ժառանգության փոխանցումը ապագա սերունդներին: Հակառակ դեպքում տեխնոլոգիական մրցավազքը և տեղեկատվական պատերազմները կարող են տանել մարդկային և հոգևոր արժեքների կործանման:
Այդ առումով, որպես ազգամիջյան և կրոնական ընդհարումների օրինակ, ֆորումում բերվեց ԱՄՆ-ում Մուհամեդ մարգարեին նվիրված ֆիլմի ստեղծման և տարածման փաստը` որոշելու տեղեկատվության օբյեկտիվ և կեղծ սահմանները: Իհարկե` տեխնոլոգիական հանցագործություններ քիչ չեն նաև հայերի մասին թուրքական և ադրբեջանական աղբյուրներում...
Մեր կարծիքով, լավագույն հաջողությունների հասնելու համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն գրադարանների, արխիվների, թանգարանների, մատենադարանների և բուհական հաստատությունների միջև համագործակցության հաստատումը, գրադարանային-մատենագիտական ոլորտի աշխատողների վերապատրաստումն ու վերաորակավորման դասընթացների կազմակերպումը, որոնց իրականացման նպատակով արդեն իսկ տողերիս հեղինակի կողմից լույս են տեսել ուսումնական ծրագրեր (2010 և 2011 թթ.):
Անհրաժեշտ է ընդգծել, որ մասնագետների պատրաստման որակավորման ընդհանուր բնութագիրը հիմնվում է բարձրագույն մասնագիտական կրթական չափորոշիչներով, առարկայական ծրագրերի և մասնագիտական գրականության յուրացման հիման վրա ձեռք բերված գիտելիքներով` հաշվի առնելով արտերկրի առաջավոր փորձը, ինչի մասին խոսվեց նաև ֆորումում:
Գրադարանային-տեղեկատվական (մատենագիտական) ոլորտի աշխատողները պետք է ունենան տեսական, պատմական և մեթոդական հիմնարար գիտելիքներ` իրագործելու կազմակերպական, սպասարկման, կրթական-դաստիրարակչական և հետազոտական գործունեություն, կարողանան լուծել գործից բխող առաջադիր խնդիրներ: Ճիշտ պատկերացնեն «Փաստաթղթ»-ի (գրքի) սոցիալ-պատմական և տեղեկատվական դերը, «գիրք-ընթերցող-գրադարան» կապերն ու հարաբերությունները:
Խորապես համոզված ենք, որ ԱՊՀ երկրների միջև գիտակրթական և գրադարանային-տեղեկատվական գործունեության հեռանկարային զարգացումները, որի նպատակով 2012 թ. սեպտեմբերի 26-ին Աստանայում գրադարանային ասոցիացիաների կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր, գերազանցապես կախված են տեսության և պրակտիկայի փոխադարձ կապից և համակողմանի մոտեցման սկզբունքից, որոնք հնարավորություն կտան նաև մասնագետներին ու ընթերցողներին հստակորեն կողմնորոշել փաստաթղթային-տեղեկատվական բազմալեզու աղբյուրներում:
Գագիկ Սուքիասյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանագիտության
և մատենագիտության ամբիոնի վարիչ,
մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր