ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի անակնկալը Ռոբերտ Ամիրխանյանին
05.10.2012
Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճումշուրջ մեկ ժամ թևածեց հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների կախարդիչ ոգին:
 
Համալասարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մաեստրոն հանդես եկավ համերգային ծրագրով:
 
Անզուգական երգերի մի ամբողջ շարք` «Երազ իմ երկիր հայրենի», «Տաղ անձնական», «Երկու կռունկ», «Այնպես ուզում եմ», «Դինգ-Դոնգ, «Գարնան կաթիլներ» ստեղծագործությունները, հայտնի մուլտֆիլմերի երաժշտություններ. բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու երաժշտասերները ունկնդրեցին Ամիրխանյանի սիրված ու արդեն դասական դարձած գործերը:
 
Համերգին հնչեցին նաև զուգերգեր. Ռոբերտ Ամիրխանյանին հետ հանդես եկավ կոմպոզիտորի երգերի մշտական մեկնաբան Սեդա Ամիր-Կարայանը:
 
Վարպետին անակնկալ էր սպասվում. 20-րդ դարի աշխարհահռչակ փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մանկավարժական համալսարանի «Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտ»-ի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային և հայոց փիլիսոփայական ակադեմիաների նախագահ Գեորգ Բրուտյանը Հայոց փիլիսոփայական ակադեմիայի կողմից կոմպոզիտորին շնորհեց ակադեմիայի բարձրագույն `«Պատվավոր անդամ»-ի կոչում:
 
«Մենք մշակել ենք հետևյալ կանոնակարգը. պատվավոր անդամն իրավունք ունի մասնակցել ակադեմիայի բոլոր բնագավառների աշխատանքներին, սակայն չունի որևէ պարտականություն»,-նշեց ակադեմիայի նախագահը:
 
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը փիլիսոփայորեն մոտեցավ անակնկալին և շնորհակալություն հայտնեց նման պատվի արժանանալու համար:
 
«Կոմպոզիտորի գործն իր երաժշտությունը գրելն է, իսկ ամենամեծ գնահատականը` այն կամուրջը, որը ձգվում է մեր մեջ: Ես պատրատ եմ երգել և նվագել մի ամբողջ հավերժություն, բայց երբ մարդ մի երեկոյի ընթացքում փորձում է տեղավորել իր բոլոր երգերը, կարծես`նա չի հավատում, որ հաջորդ երեկոն կգա: Ես սպասում եմ նոր` ավելի մեծ լսարանի, ինձ համար արդեն հարազատ դարձած 90-ամյա ոչ ծերունի` մանկավարժական համալսարանում»,-հավելեց Ռոբերտ Ամիրխանյանը:
 
Վարպետն առանձնակի ողջունեց դահլիճում ներկա Մանկավարժական համալսարանի Երաժշտական կրթության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Լևոնյանին, ում մագիստրոսական թեզի թեման հայկական մուլտֆիլմերի երաժշտությունն է` այդ թվում մաեստրոյի ստեղծագործությունները:
 
Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում հանդիսատեսը Ռոբերտ Ամիրխանյանի հետ միաձայն երգեց «Հայի աչեր» ստեղծագործությունը` հոտնկայս ծափահարություններով ճանապարհելով մեծանուն կոմպոզիտորին: