ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատասխանատու լինենք նրանց համար, ում ընտելացրել ենք
05.10.2012
Կենդանիների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Սկզբնական կրթության ֆակուլտետում բացվեց ցուցահանդես:
Այն կազմակերպել է «Մենք՝ բոլորս, պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» հասարակական կազմակերպությունը՝ Կարինե Փանոսյանի ղեկավարությամբ:
Կարինե Փանոսյանը ներկայացրեց կենդանիների պաշտպանության գործում տարբեր երկրների մոտեցումները՝ նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հավաքում, խնամում են թափառող կամ խնամքից դուրս մնացած կենդանիներին և փորձում նրանց հանձնել տարբեր ընտանիքների:
Վերջինս կարևորեց հատկապես Սկզբնական կրթության ֆակուլտետի հետ համագործակցությունը, նշելով, որ այս ֆակուլտետից է սկսվում գալիք սերունդների՝ շրջակա միջավայրի, կենդանիների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը նույնպես կարևորեց օրվա խորհրդին հաղորդակից լինելը՝ ընդգծելով, որ կենդանիների պաշտպանությունը բոլորի խնդիրն է. «Նկարներն ու ուղերձները ավելի պատկերավոր են դարձնում կենդանիների պաշտպանության անհրաժեշտությունը, որը դժվար է ուսուցանել գիտելիքի միջոցով: Շրջակա միջավայրի, կենդանիների պաշտպանությունը պիտի դառնա վարքագիծ բոլորիս մոտ, որպեսզի կարողանանք հետագայում փոխանցել մեր սաներին»:
Ներկա ուսանողներից շատերը, նկարները դիտելուց և ուղերձներն ընթերցելուց հետո խոստովանեցին, որ այս ցուցադրությունից հետո փոխել են իրենց՝ ընտանի կենդանիներին անխնամ թողնելու որոշումը:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է, որի մասին որոշումն ընդունվել է 1931 թվականին Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ:
Ցուցադրությունը կտևի 10 օր: