ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական սրբավայրերի մասին`միջազգային գիտաժողովում
05.10.2012
1390-ականներին կառուցված Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկում`Զադարի համալսարանում օրերս տեղի ունեցած միջազգային գիտաժողովի միակ հայ ներկայացուցիչը Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Խաչատուր Ստեփանյանն էր:
Սեպտեմբերի 28-30-ը Խորվաթիայում անցկացված «Ուխտագնացությունը և սրբավայրերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայով գիտաժողովին մանկավարժականի դասախոսը ներկայացրել է «Հայկական սրբավայրերը Երուսաղեմում» թեմայով զեկույցը:
Միջազգային գիտաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և պրոֆեսորներ:
Երիտասարդ գիտնականն իր զեկույցում ներկայացրել է հին Երուսաղեմը, դեռևս չորրորդ դարում այստեղ կառուցված Երուսաղեմի Մայր տաճարը` Սուրբ Հակոբաց վանքը, Երուսաղեմի քրիստոնեական գլխավոր սրբավայրը` Սուրբ Հարության տաճարը, խոսել Կիլիկիայի Հեթումյան դինաստիայի կառուցած և աշխարհում իր մեծությամբ երկրորդը համարվող Սուրբ Թորոս եկեղեցու ձեռագրերի մատենադարանի մասին, ուր պահվում է շուրջ 4000 ձեռագիր:
Վերջինս գիտաժողովում անդրադարձել է նաև ներկայումս սրբավայրերի նկատմամբ կիրառվող քաղաքականությանը` մատնանշելով Սուրբ Փրկչի կիսաավեր վիճակը:
«Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո շատ հայեր բնակություն հաստատեցին Երուսաղեմում: Աստվածապաշտ հայերնայստեղ ևս առանձնացել են իրենց սրբավայրերով.սուրբ քաղաք եկող ուխտավորների համար դրանք առանաձնակի ուշադրության են արժանանում»,-նշեց Խաչատուր Ստեփանյանը:
Նա կարևորեց գիտաժողովում իր մասնակցությունը` ընդգծելով դրա պատմական, մշակութային արդիականությունը քաղաքական-տնտեսական գործընթացում: