ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զեկույց`նվիված կենդանիների պաշտպանության միջազգային օրվան
05.10.2012

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում ՙՈրոտան գետի ավազանի Սիսիանյան նստվածքաշերտերի բրածո ձկնաշխարհը և նրա նշանակությունը կլիմայի

փոփոխությունների բացահայտման համար՚ թեմայով դասախոսությամբ հանդես եկավ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:

Այն նվիրված էր կենդանիների պաշտպանության օրվան և նպատակ ուներ ներկայացնել հեղինակի և նրա գործընկերների կողմից վերջին 10 տարիների ընթացքում Հարավային Հայաստանի բրածո ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրությունների արդյունքները, բացատրել դրա կիրառական նշանակությունը հնէաբանական գիտության զարգացման ու բնապահպանական խնդիրների լուծման համար:
Ունկնդիրները ծանոթացան Հայաստանի ջրակալներում ձկնաշխարհի պատմական ձևավորման գործընթացներին` երկրակեղևի և կլիմայի փոփոխությունների ընդհանուր ֆոնի վրա:
Առանձնակի ուշադրության արժանացավ Որոտանի ավազանի ժամանակակից և բրածո ձկնաշխարհն ու թխկիների ֆլորան, որոնց հիման վրա եզրահանգումներ կատարվեցին վերջին մեկ-մեկուկես միլիոն տարիների ընթացքում Հայաստանի կլիմայի փոփոխությունների առանձնահատկությունների մասին:
«Այստեղ արծարծված հարցերը կարող են որպես ծրագրային նյութ ծառայել կենսաբանություն, էկոլոգիա և աշխարահագրություն մասնագիտությունների մագիստրոսների համար ուսուցանվող հատուկ կուրսերի նյութերում ներգրավվելու համար: Մյուս կողմից, զեկույցում արծարծվող բնապահպանական բնույթի խնդիրները և դրանց լուծման տարբերակները կարող են օգտագործվել բնապահպանական միջոցառումների առավել արդյունավետ իրականացման համար»,-նշեց Սամվել Պիպոյան :
Ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Ավետիսյանը կարևորեց ներկայացվածը` որպես հետաքրքիր, ուսումնական նյութ ուսանողների համար:
Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Տիգրան Թանգամյանն իր ամփոփիչ ելույթում բարձր գնահատեց միջոցառման գիտական և ուսուցողական նշանակությունը` ցանկություն հայտնելով այն ներկայացնել ունկնդիրների ավելի լայն շրջանակների: