2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես §Գրադարանավարի օր»: Տարեցտարի ավելանում են տոնի առթիվ կազմակերպվող

միջոցառումները:
Հոկտեմբերի 6-ին Երևանի Երաժշտագիտական գրադարանում տեղի ունեցավ «Ռոբերտ Պետրոսյան.կյանքը և ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակները` մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնի դոցենտ Գոհար Մելիքսեթյանը, Սաթենիկ Թամրազյանը, Լիանա Մալաքյանը, կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ` Արեգ Լուսինյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի կինը, դուստրերը: Ի դեպ, վերջիններս ևս աշխատում են Մանկավարժական համալսարանում:
Կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը ներկաներին պատմեց Ռոբերտ Պետրոսյանի և իր` երկարամյա ընկերության մասին, ապա հեղինակներից Գոհար Մելիքսեթյանը ներկայացրեց գրքի ստեղծման և կոմպոզիտորի հետ համագործակցության ընթացքը:

Վերջինս նշեց, որ հենց այդ համագործակցության արդյունքում ծնված գրքի հրատարակումը հնարավոր դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովանավորությամբ` կոմպոզիտորի ծննդյան 80-ամյա հոբելյանի օրերին:
Կոմպոզիտորի դուստր Սյուզի Պետրոսյանի դաշնամուրային նվագակցությամբ ելույթ ունեցան Մանկավարժականի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի ուսանողներ Արմինե Մաթևոսյանը, Ալվինա Տիգրանյանը (վոկալ), Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Մանանա Խանարյանը (ֆլեյտա): Նրանց կատարմամբ հնչեցին Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործությունները:
Սյուզի Պետրոսյանն իր երախտագիտությունը հայտնեց Երաժշտագիտական գրադարանի կոլեկտիվին, նշելով դրա բացառիկ հարուստ ֆոնդի կարևորությունն ու կոլեկտիվի աշխատանքի դերը քաղաքի մշակութային կյանքում: