Հոկտեմբերի 3-6-ը Երևանում տեղի ունեցավ Հայկական քիմիական ընկերության «Նվաճումներ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» միջազգային III

գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բելոռուսի, Վրաստանի, Շվեյցարիայի ավելի քան քառասուն գիտական կենտրոններից:
Մանկավարժական համալսարանի Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի մի խումբ դասախոսներ և մագիստրոսներ ընդգրկված էին գիտաժողովի կազմկոմիտեի, ծրագրային կոմիտեի և դրանց կից խմբերի աշխատանքներում:
Գիտաժողովի առաջին մասը նվիրված էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սարգիս Վարդանյանի ծննդյան 95-ամյակին: Այն սկսվեց հայտնի գիտնականի կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրությամբ, որը հեղինակել էր մեր համալսարանի շրջանավարտ, ՕԴՔԳՏԿ գիտաշխատող Միքայել Մովսիսյանը:
Ներկայացված էին աշխատանքներ կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզի և ուսումնասիրության բնագավառից:

Գիտաժողովի հաջորդ հատվածը նվիրված էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Շալիկո Բադանյանի ծննդյան 80-ամյակին, որտեղ ներկայացված էին զեկուցումներ օրգանական նյութերի սինթեզի և ռեակցիոնունակության վերաբերյալ:
Հակամանրէային ակտիվությամբ օժտված նոր միացությունների սինթեզի և դրանց հատկությունների ուսումնասիրության ուղղությամբ կատարված հետազոտությունների արդյունքները ներկայացրեց ամբիոնի դասախոս Մերի Մանուկյանը, իսկ Աշոտ Բաբախանյանը, Սվետլանա Հովակիմյանը և Վարդուհի Հովսեփյանը հանդես եկան ստենդային զեկուցումներով:
Գիտական զեկուցումները եզրափակվեցին կլոր սեղան-քննարկումով: Հանդիսավոր փակումից հետո մասնակիցներն այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր:
