ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին անգամ հայազգի կին կղեկավարի ամերիկյան համալսարանը
08.10.2012
Սեպտեմբերի 28-ին դոկտոր Մերի Փափազյանը պաշտոնապես նշանակվեց Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր: 53-ամյա Փափազյանը պատմության մեջ հայազգի առաջին կինն է, ով ԱՄՆ-ում ստանձնեց այդ պաշտոնը:
Երդմնկալության արարողությանը ներկա են եղել մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում ` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
«Մերի Փափազյանի հետ խոսելիս ես համոզվեցի, որ նրա ղեկավարության տարիները Հարավային Կոնեկտիկուտում մի մեծ դարաշրջանի ընդամենը սկիզբը կլինեն: Նա նվիրված է, հավատարիմ և աշխատասեր, ով նաև տարբերվում է իր մտածելակերպով»,- ասել է Կոնեկտիկուտի փոխնահանգապետ Նենսի Վիմենը:
Մերի Փափազյանը նախքան Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարան տեղափոխվելը, եղել է Նյու Յորքի Լեհմեն քոլեջի պրոռեկտոր և գիտական գծով ավագ փոխնախագահ, անգլերենի պրոֆեսոր:
«Ես հանձն եմ առնում կատարել իմ պաշտոնական և ոչ պաշտոնական պարտականությունները: Իմ վարչակազմը կլինի կանխատեսելի. մենք միասին կաշխատենք, որպեսզի Հարավայի Կոնեկտիկուտի պետական համալսարանը լինի ամենահաջողվածը: Համաշխարհային հասարակության մեջ Կոնեկտիկուտի ուսանողների սոցիալական և կրթական փորձը հարստացնելու համար անհրաժեշտ է ներգրավել արտասահմանյան ուսանողներին»,- իր ելույթում ասել է Փափազյանը:
Նորանշանակ ռեկտորը, անդրադառնալով իր հայկական արմատներին և ժառանգությանը, նշել է. «Միացյալ Նահանգներում հայերը հաստատվել են 20-րդ դարի ողբերգական ցեղասպանությունից հետո: Մեր արմատները սկիզբ են առնում հազարամյա մշակույթ ունեցող պատմությունից: Ըստ Աստվածաշնչի` Նոյի տապանն իջել է Հայաստանի լեռներում (Ծննդոց 8:4), և ես ենթադրում եմ` բոլորս ինչ-որ առումով հայեր ենք, քանի որ ունենք հայ նախնիներ, ընդհանուր անցյալ, շահեր»:
Մերի Փափազյանն իր ակադեմիական աշխատություններում բազմիցս անդրադարձել է բրիտանական գրականությանը, մասնավորապես` 17-րդ դարի բանաստեղծ եւ հոգևորական Ջոն Դոննի ստեղծագործություններին:
Վերջինս այժմ ամուսնու` Դենիս Փափազյանի և երկու դստրեր հետ բնակվում է Վուդբրիջում:
Նշենք, որ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանը հիմնադրվել է 1893թվականին` որպես մանկավարժական քոլեջ, և այժմ առաջարկում է մագիստրատուրայի եւ բակալավրատի 114 ծրագրեր:
Ի դեպ, Միացյալ Նահանգներում գտնվելու օրերին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և նորանշանակ ռեկտոր Մերի Փափազյանի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում երկու բուհերի համագործակցության մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: