ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն. հայկական տարազից մինչև եվրոպական հագուստ
10.10.2012
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում Մանկավարժական համալսարանը մասնակցեց սեպտեմբերի 29-30-ը կազմակերպված ցուցահանդեսին, որի նպատակն էր նորովի ներկայացնել հազարամյա հայկական մշակութային ժառանգությունը:
Այն կազմակերպվել էր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և կրում էր «Ավանդական տարազից՝ եվրոպական հագուստ» և «Հայկական ասեղնակարերի հմտությունները» խորագրերը:
Ցուցահանդեսին Մանկավարժականը ներկայացնում էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտներ Լիլիթ Մելիքյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Եղիազարյանն ու մագիստրատուրայի ուսանողուհի Լիաննա Ամրոյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին ասեղնագործություններ, ավանդական տարազներ և ժամանակակից հագուստներ: Ցուցադրություններն ուղեկցվում էին զրույց-քննարկումներով, որոնք վարում էր թանգարանի տնօրենի գիտական մասով տեղակալ, ՀՊՄՀ-ի արվեստի տեսության, պատմության և մշակութաբանության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը:
Հատկապես ուշադրության արժանցան Գայանե Եղիազարյանի հեղինակած մաքրամեից և ժանեկագործ հագուստների եզակի նմուշները, որոնք ցուցադրեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի վայելչակազմ ու նրբագեղ մոդել-ուսանողները:
«Եվրոպական» անվանակարգում Գայանե Եղիազարյանին շնորհվեց լավագույն մրցանակ, իսկ Լիլիթ Մելիքյանին և Լիաննա Ամրոյանին՝ շնորհակալագրեր: